2004 թվական. ապրիլի 12՝ լույս 13-ի գիշեր: Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակում է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին ու հնարավոր բոլոր միջոցներով՝ էլեկտրաշոկերով, ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա ամրաններով ու կցված պայթուցիկներով հարձակվում է նրանց վրա:
Ստեփան Դեմիրճյան, 2003թ. ՀՀ նախագահի թեկնածու - Այն, ինչ կատարվեց ապրիլի 13-ի գիշերը, հանցագործություն էր՝ ուղղված հայ ժողովրդի դեմ, այնպիսի հանցագործություն, որը չի մոռացվելու և ներվելու: Պատասխան են տալու թե՛ հրաման տվողը, թե՛ կատարողները:
Իսկ պայթյունավտանգ իրավիճակն ստեղծվեց, երբ 2003 թվականի նախագահի ընտրությունների պաշտոնական տվյալներով՝ երկրորդ տեղն զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները չընդունեցին արդյունքները: Ընդդիմությունը ձևավորեց միասնական շտաբ, համախմբվեցին 16 կուսակցություններ ու հանրահավաքներով շարունակեցին պայքարը: «Հանրապետություն» կուսակցության նախագահը հիշում է՝ իրենց շարքերը նոսրանում էին, որովհետև ամեն օր իշխանությանը բոյկոտող քաղաքացիների էին ձերբակալում:
Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ - Հանրահավաքների պոչից անընդհատ ոստիկանությունը մարդիկ էր գողանում: Այն ժամանակ դա ընդունված բան էր: Ամեն հանրահավաքից հետո 50-60 մարդ գողանում և դատում էին զազրախոսության հոդվածով:
Անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. ընդդիմությունը նորից չընդունեց արդյունքներն ու դատական կարգով վիճարկեց արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք տեղի են ունեցել համատարած կեղծիքներով: Դեմիրճյանը դիմեց Սահմանադրական դատարան, որն էլ որոշեց մերժել նրա հայցը, բայց առաջարկեց խորհրդարանին հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանն ու մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Ընդդիմադիրները նորից փողոց դուրս եկան:
Արամ Սարգսյան - Փակելով մեր ճանապարհը՝ ներքին զորքեր բերեցին շատ մեծ քանակությամբ ու բառիս բուն իմաստով՝ գիշերով կիրառվեց ԿՈԼՑՈ օպերացիա, այսինքն փակեցին բոլոր ճանապարհները, որ որևէ մեկը փախնել չկարողանա ու գնաց ուղղակի ջարդ, վրեժխնդրություն:
Իսկ հանրահավաքների թիրախում հայտնվեցին ու բռնության ենթարկվեցին նաև լրագրողներ ու օպերատորներ: Իշխանությունն անթաքույց հակակրանք ուներ լրատվամիջոցների նկատմամբ: Լրագրող Մհեր Ղալեչյանն այսօրվա պես հիշում է, թե ինչպես էին հանրահավաքների ժամանակ մասնագիտական աշխատանքը կատարելիս խոչընդոտում իրենց: Կատարվածը, նրա խոսքով, դաժան ու սարսափելի էր:
Մհեր Ղալեչյան, լրագրող - 5 հոգով հարձակվեցին հատուկ ջոկատայինները, սկսեցին ծեծել, տեխնիկան, պայուսակը վերցրին և տարան մեկուսարան: Առաջին բանը, որ կարող եմ ասել, տպավորվել էր ոստիկանների դաժանությունը, որը ոչ մի տրամաբանություն չուներ: Շատ ընդգծված, կարծես հատուկ հրահանգված լիներ, որ մաքսիմալ մարդկանց նկատմամբ լինեն դաժան, հնարավորինս շատ ծեծեն, նվաստացնեն, խոշտանգեն և ձեռքի եղածը խլեն:
2004-ի իրադարձություններից լրագրող Ղալեչյանը նաև այլ դետալներ է ֆիքսել: Ասում է՝ ջարդում, փշրում էին հնարավոր ամեն բան՝ տեխնիկա, հեռախոս ու ձեռքի տակ հայտնվող ցանկացած անձնական իր: Ձերբակալում էին քաղաքացիների, որոնք ոչ մի կապ չունեին կատարվող իրադարձությունների հետ.
Մհեր Ղալեչյան - Իմը մի փոքր խուց էր, բայց ես զգում էի, որ կողքի խցում, որ ավելի մեծ էր, բազմաթիվ մարդկանց ձայներ էին լսվում ու մեքենան երկար ժամանակ չէր շարժվում: Ոստիկաններից մեկը դրսում ասեց՝ ինչո՞ւ չեք շարժվում, ասեց՝ մի հոգու տեղ կա: Այսինքն՝ պլան էին կատարում, նույնիսկ մարդկանց ձերբակալելու պլան կարծես լիներ:
Ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում է եղել նաև օպերատոր Լևոն Գրիգորյանը: Նրա տեսախցիկն այդ գիշեր արձանագրում էր, թե ինչպես է ոստիկանությունը խորհրդարանի դիմաց բռնություն կիրառում խաղաղ ցուցարարների դեմ: Պատմում է, որ իրեն են մոտեցել քաղաքացիական համազգեստով տղաներ, ծեծել, էլեկտրաշոկով տոկի տվել ու տարել անձնական իրերը:
Լևոն Գրիգորյան, օպերատոր - Սկսվեց աննորմալություն, և այդ պահին չորս կողմից գցեցին ԱԺ-ի կողմից, փշալարը հանեցին չորս կողմից, եկան կարմիր բերետավորները, սկսեց սպանդ, ռազմական օպերացիա էր կատարվում: 5-6 հոգի իրենց մահակներով խփում էին:
Իրավապահ ուժերի երկրորդ թիրախն ընդդիմադիր երեք կուսակցությունների գրասենյակներն են լինում: Ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներ ու պատգամավորներ: Ոստիկանները խուզարկության անվան տակ ներխուժում են «Հանրապետության», ՀԺԿ-ի և «Ազգային միաբանության» գրասենյակներ, ջարդուխուրդ անում, կապարակնքում դռները:
Արամ Սարգսյան - Գրասենյակներում ինչ կար-չկար առգրավվել էին, ջարդուփշուր արել: Մեր գրասենյակում աշխատող աղջիկներին բոլորին տարել էին էրեբունի բաժանմունք, որտեղ անմարդկային ծեծի էին ենթարկել: Տեղի ունեցածը բերեց հանրության խորը ատելություն տվյալ իշխանության հանդեպ, գործող վարչակազմի հանդեպ:
17 տարի առաջ՝ ապրիլի 13-ի իրադարձություններից հետո, դատախազությունում 560 մեղադրանք է առաջադրվում: Արամ Սարգսյանը ցավով, բայց արձանագրում է՝ այդ դեպքերի ժամանակ 500 հոգի հիվանդանոցում բուժօգնություն է ստանում, իսկ 120-ի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջանում: