«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ հայտարարությունների ժամին Բաքվում բացված «պուրակը» որակեց հայատյացության և մարդատյացության ճղճիմ ցուցահանդես:
Նա նշեց, որ միջազգային արձագանքները ևս չուշացան, քանի որ աշխարհի համար ևս ակնհայտ է ագրեսոր Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ շարունակվող ատելության պրոպագանդան:
Պատգամավորի խոսքով՝ արդեն տեղեկություններ կան, որ Կանադան դադարեցնում է ԱԹՍ-ների մեջ կիրառվող կանադական ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք օգտագործվել են Արցախյան վերջին պատերազմում:
«Մինչդեռ այս ընթացքում հայաստանյան ներքաղաքական կյանքում նախընտրական շրջանին ընդառաջ տեղի են ունենում անգամ ոչ թե զարմանալի, այլ զարհուրելի երևույթներ: Գուշակեք, թե որտեղ է հնչել հետևյալ հարցը, և որ կարևորն է՝ ում է այն եղել հասցեագրված: Մեջբերում եմ հարցը. «Ստացվում է՝ հայկական կողմը, Ձեր պատմածներից ելնելով, սադրե՞լ, հրահրե՞լ է պատերազմը»: Ես կպատկերացնեի իրավիճակ, երբ լրագրողն այս հարցը տալիս է Ադրբեջանի նախագահին, և վերջինս էլ հպարտորեն հաստատում է՝ այո, իհարկե, հայկական կողմն է սադրել պատերազմը: Կամ մեկ այլ բնական իրավիճակ կլիներ, եթե հարցն ուղղված լիներ Թուրքիայի նախահագին, կրկնեմ հարցը. «Ձեր պատմածներից ելնելով՝ ստացվում է՝ հայկական կողմը սադրե՞լ է, հրահրե՞լ է պատերազմը»: Սա էլ իր հերթին միանշանակ կասեր՝ իհարկե, բա հո եղբայրական Ադրբեջանը չի՞ սադրել: Բայց ոչ, երևակայեք, որ հարցը ձևակերպվել է հանրահայտ ռուսաստանյան հեռուստահաղորդման եթերում հանրահայտ լրագրողի կողմից՝ ոչ այլ ում, քան Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, սիրելի՛ քաղաքացիներ, մեկին, որը հավակնում է ստանալ ձեր ձայները և միաժամանակ իրեն թույլ է տալիս առաջ տանել այսքան հակահայկական, փոխարենը ադրբեջանական և թուրքական դիրքորոշումների հետ նույնական թեզ առ այն, որ Հայաստանն է հրահրել պատերազմը: Ես չեմ պատկերացնում»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը հավելեց՝ հստակ պատկերացնում է, որ անվերադարձ անցած է այս, հիրավի, ապազգային կերպարների և նրանց համախոհների ժամանակը, և վստահ է նաև, որ մեր հանրությունը, որը ոչինչ չի մոռացել, կարձանագրի այն շատ շուտով և շատ աներկբա: