Խորհրդարանի ամբիոնից հնչած հայտարարությունների մեծ մասն այս երեքշաբթի Բաքվում բացված, այսպես կոչված, «պուրակի» վերաբերյալ էին: Ադրբեջանում սկսում են մսխել իրենց հաղթանակը՝ համոզված է Անդրանիկ Քոչարյանը: Մեջբերեց Չերչիլին, թե հաջողությունը հարատև չի լինում, իսկ պարտությունը ճակատագրական չէ:
Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Այդ անհեթեթ պուրակի բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը:
Ըստ Քոչարյանի՝ հաղթածի էյֆորիկ դրսևորումներով ժամանակին մենք էլ ճիշտ չենք գնահատել իրավիճակն ու կորցրել ենք զգոնությունը: Պետք է կենտրոնանալ և լուծել պատերազմի առաջ բերած խնդիրներից, առաջնահերթ, գերիների հարցը: Արդյո՞ք այս հարցով բանակցողները պատկերացնում են խնդրի ամբողջ խորությունը՝ Զինծառայողների հիմնադրամի հրապարակած անհետ կորած անձանց թիվը հնչեցրեց պատգամավոր Կոստանյանը:
Աննա Կոստանյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Ուզում եմ ուշադրություն սևեռել այս 1055 թվի վրա, որտեղ կարող են լինել ոչ միայն անհետ կորած ու զոհված զինծառայողներ, այլև գերեվարվածներ:
Օրենսդիրների մի մասն առաջարկեց Ալիևի հետ խոսել իր ոճով, օրինակ՝ հետախուզում հայտարարել ռազմական հանցանքներ գործած Ադրբեջանի գեներալների նկատմամբ, որ գոնե չկարողանան երկրից երկիր ազատ տեղաշարժվել: Ինչո՞ւ ենք այսքան խեղճացել, հո ամնեզիայով չենք տառապում: Թուրքիան չլիներ՝ Բաքուն Արցախում կտապալվեր. այսքանից հետո ի՞նչ հաշտության հեռանկար՝ հայտարարեց Սրբուհի Գրիգորյանը:
Սրբուհի Գրիգորյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել, մենք մի ձեռքով ծաղիկ ենք դնելու, մյուսով Թուրքիային ձեռք ենք պարզելու, բա մեր արժանապատվությունը:
Կատարվածի մասին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները միասին կխոսեն նաև ԵԽԽՎ ամբիոնից՝ խոստացավ Տաթևիկ Հայրապետյանը: Գերիների վերադարձի հարցում Ստրասբուրգում շատ կոշտ են լինելու՝ ասաց Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Եվրախորհրդի մի անդամ պետություն մյուսի քաղաքացիներին գերեվարում է, սա աբսուրդ է: Մենք պետք է այդ կառույցներից շատ հստակ պահանջենք, թե ինչ պետք է լինի:
Սոֆյա Հովսեփյանը խորհրդարանի ամբիոնից կարդաց սպանված 67 և անհետ կորած 6 զինծառայողի ծնողների նամակ-խնդրանքը՝ իրենց որդիների համար ճակատագրական հրաման տված անձանց պարզելու, քրեական գործը ՀՔԾ-ից ԱԱԾ տեղափոխելու վերաբերյալ: Իր վայրագությունները ներկայացնելով՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ Բաքվի վերջին քայլը մեկնաբանեց Ազգային ժողովի փոխխոսնակը: Ասաց՝ չի ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեծ ձգտումը:
Լենա Նազարյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ - Մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք և շարունակելու ենք ապրել: Ուրեմն խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի կամ էլ, ավելի լավ, առանց Ալիևի:
Նազարյանի ելույթը վերջինն էր, դրանով հայտարարությունների ժամը փակվեց: