Առողջապահության նախարարությունը պարզաբանում է հրապարակել՝ անդրադառնալով Factor.am կայքի թողարկած՝ «487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի. Առողջապահության նախարարությունը առանց մրցույթի՝ մեկ անձից, գնումներ է կատարել» վերտառությամբ հոդվածին:
ԱՆ-ն հայտնում է՝ առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերություններին «պատահար տեղի ունենալու դեպքում» բժշկական ծառայությունների դիմաց հատուցելու գործառույթ չի իրականացնում:
«Պատահարի դեպքում ապահովագրական հատուցում իրականացվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից:
Առողջապահության նախարարությունը կնքում է պայմանագրեր «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (սոցիալական փաթեթ)» ձեռք բերման համար:
Լրատվամիջոցը կամ միտումնավոր աղավաղում է փաստերը, կամ չի տիրապետում տեղեկատվությանը, որ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից, երբ Արսեն Թորոսյանը դեռևս առողջապահության նախարար չէր:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված «Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր» ձևակերպմանը, ապա արձանագրենք, որ առողջապահության նախարարության և նյութում հիշատակված ապահովագրական ընկերությունների միջև 2021 թվականին կնքվել են պայմանագրեր` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք դրույթներին համապատասխան, ծառայությունների դիմաց ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցներով և ապահովագրական հատուցումներով իրականացնելու համար»,- ասված է ԱՆ պարզաբանման մեջ: