«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց, որ երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում բուռն քննարկում է ծավալվել հայ ռազմագերիների թեմայով: Նիստին մասնակցել են պատագամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Նաիրա Զոհրաբյանը:
«Ադրբեջանական կողմն ամեն ջանք գործադրում էր քննարկումը տապալելու ուղղությամբ, բայց մեր միասնական ջանքերով այսօր հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ Ադրբեջանը պարտավոր է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, մասնավորապես՝ 8-րդ կետը՝ անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, ինչպես նաև համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն այդ աշխատանքի կարևոր պլատֆորմներից մեկն է, և այդտեղ կարող են հաջողություն գրանցել միայն միասնական ճակատով հանդես գալու դեպքում: Ընդգծեց՝ փոքր ձեռքբերումները հենց այդ համատեղ աշխատանքի արդյունքն են:
Նշենք՝ այսօր ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը մտահոգություն է հայտնել Արցախյան վերջին պատերազմից հետո հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով: