«Ձորա ՀԷԿ»-ի գործով անջատված մասի նախաքննության ավարտին մեղադրյալի աթոռին է նստել միանգամից 5 նախկին պաշտոնյա։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու նույն հանձնաժողովի ևս 3 անդամ։
Պատմությունը 11 տարվա վաղեմության է։ Առանցքում՝ 1932-ին շահագործված ՀԷԿ-ի առք ու վաճառքի գործն է։ Ըստ նախաքննության՝ դեռ 2010 թվականին պաշտպանական գերատեսչությունը մշակել է կառավարության գաղտնի որոշման նախագիծ, որով առաջարկվել է թույլատրել ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ՀԷԿ-ը «Ձորագետ Հիդրո» ընկերությանն օտարել ընդամենը 3 միլիարդ 6 միլիոն դրամով։ Իրավապահները, սակայն, պարզել են, որ այդ գործում չեն պահպանվել օրենքի մի շարք պահանջներ՝ չի տրվել օտարման անհրաժեշտության հիմնավորումը, չի կատարվել գույքի պարտադիր գնահատումը։
Բորյա Չիլինգարյան (ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ) - 3.6 մլրդ-ով է օտարվել, մինչդեռ դրա արժեքը, վերոհիշյալ օտարված գույքի, տվյալ ժամանակահատվածում առկա շուկայական արժեքը կարող էր կազմել շուրջ 4.6 մլրդ դրամ:
Գործով քննիչն ասում է՝ ստացվում է, որ «Ձորագետ Հիդրոն» ՀԷԿ-ը գնել է իրական արժեքից 1 միլիարդ դրամով պակաս։ Արժեքը ցածր է եղել, գնորդն էլ՝ պատահական մեկը չի եղել։ Այդ ընկերության ծագումնաբանության պատմությունը, ըստ քննիչի, սկսվում է Կարիբյան ավազանից։ Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված երկու ընկերություն միասին Հայաստանում հիմնադրել են «Ձորագետ Հիդրոն», ի դեպ՝ ՀԷԿ-ի վաճառքի գործարքից ընդամենը 1,5 ամիս առաջ։ Ավելին՝ նախաքննական մարմինն այստեղ այլ կապեր ու անուններ էլ է գտել։
Արդյոք Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը կապ ունի՞ օֆշորային գոտում գրացված այդ ընկերության հետ՝ քննիչ Չիլինգարյանն այս պահին գործից մանրամասներ չի բացահայտում, ասում է՝ բուն նախաքննությունը շարունակվում է, առանձին տվյալներ հրապարակելը դեռ նպատակահարմար չէ։ Նրա խոսքով՝ երրորդ նախագահի փեսան այժմ որևէ կարգավիճակ չունի, չի էլ հարցաքննվել։ Թե հարցաքննության ընթացքում, թե նախաքննության ավարտին մեղադրանքը չի ընդունում պաշտպանության նախկին նախարարը։ «Լուրերի» հետ զրույցում Սեյրան Օհանյանը պնդեց՝ ՀԷԿ-ը թեև ՊՆ-ի հաշվեկշռում է եղել, սակայն, կառավարության որոշման հիմքը պատրաստել է էներգետիկայի նախարարությունը, գործընթացն իրենք են կազմակերպել։
Պաշտպանության նախկին նախարարը սլաքներն ուղղեց Էներգետիկայի նախարարության կողմ, բայց 2010-ին նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մովսիսյանը մահացել է դեռ 6 տարի առաջ։ Ըստ գործի Մովսիսյանը նաեւ հեղինակն է այն առաջարկի, որով Ձորա-ի օտարումից հետո նախ կառավարությունը, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել են փոքր ՀԷԿ-երի համար սահմանված առավելագույն հզորության մեթոդիկան, 10 Մվտ-ի փոխարեն սահմանել մինչև 30 Մվտ։ Այսպիսով՝ 26,4 ՄՎՏ հզորությամբ ու խոշոր համարվող Ձորա ՀԷԿ-ն այդ փոփոխությունից հետո արդեն ընդգրկվել է փոքր ՀԷԿ-երի ցանկում ու օգտվել դրանց համար օրենքով նախատեսված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից:
Արդյունքում 2012--2019 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո»-ն իր վաճառած էլեկտրաէներգիան վաճառել է բարձր գնով՝ դրա դիմաց հավելյալ ստացել 7 մլրդ դրամ։ Ռոբերտ Նազարյանի ու հանձնաժողովի ևս 3 անդամի մեղքն էլ իրավապահները տեսնում են առաջարկվող փոփոխությունն առանց պատշաճ ուսումնասիրության և եղած ջրային ռեսուրսների հնարավորությունները գնահատելու որոշում կայացնելու մեջ։ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը Լուրերի հետ զրույցում մեղադրանքն առարկայազուրկ որակեց, պնդեց, շահագրգռված են, որ գործը մտնի դատաքննության փուլ և բացահայտվեն փաստերը։
Հատկանշական է, որ մինչև օտարումը, 2006-2010- թվականներին ՀԷԿ-ն ավելի քան 2,5 միլիոն դոլարի շահույթ է ապահովել պաշտպանության նախարարության համար՝ սա էլ հայտնել էին դատախազությունից ու նկատել, որ 2009-ին ՀԷԿ-ի թողարկած էլեկտրաէներգիայի սակագինը 13,9 դրամից իջեցվել է 2,7 դրամի, որպեսզի՝ մեջբերեմ՝ «ստեղծվեր հիմնավորում առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր գնով վաճառելու համար»։ Մեկ տարի անց՝ 2010-ին, օտարումից հետո այն նորից սկսել է շահույթ բերել, բայց նոր սեփականատիրոջը: