ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Եղել ենք, կանք, կլինենք» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան հերոսամարտում զոհված, անհայտ կորած հայորդիների հիշատակին:
Միջոցառումն սկսվել է հարգանքի տուրքով և Հայաստանի Հանրապետության օրհներգով: Ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, պատերազմի մասնակից զինծառայողներ, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներ և այլ հյուրեր:
Հերոսների մասին չոր աչքերով խոսելը բարդ էր, բայց աշակերտներն իրենց ելույթներում խոստանում էին, որ իրենց հերոս եղբայրների վրեժն ու պայքարը ավարտված չէ, ուստի իրենք պարտավոր են վստահորեն շարունակել կիսատ թողած պայքարը։ Ներկայացվել է ցավալի պատերազմի ու դրան զոհ գնացած տեղացի քաջերի կենսագրությունը և հերոսությունները հավաստող պատմություններ: Հնչել են երգ ու պար, ասմունք, ինչպես նաև խորը երախտագիտությամբ խոսվել է բժիշկների մասին, ովքեր ռազմական գործողությունների ամբողջ ընթաքում զինվորների հետ կողք-կողքի դիմակայել են պատերազմի արհավիրքներին:
Դպրոցի ուսուցչուհի Լուսյա Սարգսյանն իր ելույթի ընթացքում չի կարողացել զսպել հուզմունքը․ «Մահվան աչքերին մենք նայեցինք հեռվից, մեր քաջ արծիվները մոտիկից, ցավոք, ոչ բոլորը վերադարձան: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դահլիճում ներկա Արցախյան պատերազմի մասնակից տղաներին: Հպարտ եմ, որ ունեցել ենք հայրենասեր աշակերտներ, ովքեր չեն խնայել իրենց երիտասարդ կյանքը հանուն հայրենիքի»:
Արփիար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Եվ իր խոսքում նշեց. «Թեպետ հերոսները ֆիզիկապես մեզ հետ չեն, նրանք ապրում են մեր սրտերում։ Ես ցանկանում եմ, որ բոլորս նրանց մասին խոսենք միայն ներկա ժամանակով։ Նրանք են մեր վաղվա օրվա պայքարի և հզորանալու ուժը: Ես խոնարհվում եմ մեր բոլոր նահատակված հայորդիների հիշատակի առջև:
Նման միջոցառումները սոսկ միջոցառումներ չեն՝ ունեն դաստիարակչական, հայրենասիրություն սերմանող բնույթ և հարգանքի տուրք են՝ հանուն հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին: Մեր զինվորը չի պարտվել, մեր մեծագույն խոնարհումը կլինի այն, երբ շարունակելով գործը, որին նրանք հավատացել են՝ գալիք սերունդներին փոխանցենք խաղաղ, կայուն և հզոր հայրենիք»: