Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրեր առաջ էր այցելել Հայաստան, հայտարարել է, որ Եվրոպայի պատիվը պահանջում է, որ Թուրքիայի օժանդակությամբ Բաքվի ռազմական ագրեսիայից հետո Եվրամիությունն ի վերջո աջակցություն ցուցաբերի վիրավոր և վշտացած երկրին՝ փոխանցում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:
Երևան այցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը հիշում է Սուրբ Զատիկի տոնին Եռաբլուրում տիրող իրավիճակը, երբ բազմաթիվ ընտանիքներ ճնշող լռության մեջ աղոթում էին:
Նա նշել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել ու վիրավորվել են հազարավոր հայեր: Եվրախորհրդարանականը բոլորի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի վրա: Ֆրանսուա-Քսավիե Բելամին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ պահանջելով ազատ արձակել հայ գերիներին՝ Եվրոպան ի վերջո ցույց կտա, որ չի կորցրել իր սկզբունքները, իր պատասխանատվությունն ու այդ երկրի հետ հավերժական կապը: