Բոլոր ազդակները կան, որ ԱՄՆ վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ կոտորածից ավելի քան մեկ դար անց: Այս մասին The National Interest պարբերականում հոդված է հրապարակել Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը:
Պարբերականը հիշատակում է 2020-ի ապրիլի 24-ին Բայդենի՝ Թվիթերի իր միկրոբլոգում արված գրառումը, ըստ որի՝ նախագահի թեկնածուն գրել էր՝ «Ընտրվելու դեպքում խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը և մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն սահմանել»:
Հոդվածագիրը նշում է, որ ըստ Սպիտակ տան աղբյուրի՝ քարոզարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչել խոստացել է ոչ միայն Բայդենը, այլ նաև փոխնախագահ Քամալա Հարիսն աջակցել էր 2019-ի՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Այս պարագայում խնդիրն այն է, որ կառավարության որոշ պաշտոնյաներ կարծում են, որ բարդ կամ օգտակար է պատմությունն աղավաղելը կամ ողբերգության մասին չհիշատակելը կարճաժամկետ դիվանագիտական կարիքների համար: Ըստ հոդվածագրի՝ Սամանթա Փաուերն այդ մասին գիրք է գրել, և այս պարագայում ոչ միայն չի կանգնել հայերի կողքին, այլև՝ ավելի ուշ անտեսել է Սիրիայում շարունակվող ցեղասպանությունը:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր պաշտոնում նշանակվելուց շաբաթներ անց խոստացել էր մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն նա հանուն քաղաքականության իր սկզբունքները զոհաբերելու պատրաստակամություն էր ցուցաբերել»,- գրում է հեղինակը:
Ռուբինը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հաստատված և ապացուցված փաստ է, այլև դրա ժխտումը լի է լինելու բազմաթիվ հետևանքներով: «Պատահական չէ, որ Ալիևը և Էրդողանը 2020 թ. դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վրա իրենց հարձակումը պլանավորել էին այնպես, որ այն համընկներ Օսմանյան կայսրության կողմից նորանկախ Հայաստանի վրա հարձակման 100-ամյակին»,- ընդգծել է փորձագետը: Այդ ամենն աչքաթող անելը, ըստ մասնագետի, լի է վտանգով, որ հարձակման կենթարկվեն ոչ միայն Հայաստանը, այլև քրդերը և Կիպրոսը:
Նա նաև հրավիրել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը կարևոր մի փաստի: «Ի տարբերություն Բաքվի, որի ղեկավարը երկրում այլազգիների հանդեպ հանդուրժողականության ձևական մի քանի նմուշ է ցուցադրում օտարերկրյա այցելուներին, Հայաստանը մայրաքաղաքի սրտում կանգնեցրել է Հոլոքոստի զոհերի հուշարձան, ինչը վկայում է, որ հայերը լավ գիտեն՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
«Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, սակայն՝ ոչ բավարար: Հաշվի առնելով, որ Հայաստանն արևելքից և արևմուտքից շրջափակվել է բռնապետներով, հույժ կարևոր է հասկանալ, որ մեկ դար առաջ տեղի ունեցածի վտանգը շարունակվում է առ այսօր»,- եզրափակել է Մայքլ Ռուբինը: