ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը մտահոգություն է հայտնել Արցախյան վերջին պատերազմից հետո հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի կայքից:
«Ես խստորեն մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի գերիների և անհայտ կորածների ճակատագրով»,- հայտարարել է Ֆրիդեզը (Շվեյցարիա):
«Այս ամենը առավել մտահոգիչ է ՄԻԵԴ-ի՝ 2021-ի մարտի 16-ին հրապարակած մամուլի հաղորդագրության ենթատեքստում, որի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը ձախողել է դատարանի սահմանված ժամկետում այդ անձանց մասին տեղեկություններ տրամադրելու և նրանց կողմից ընդհանրական ու սահմանափակ տեղեկություն ներկայացնելու գործընթացը»: ՄԻԵԴ-ի հավաստմամբ՝ Ադրբեջանում պահվում է 188 հայ գերի:
Կայքում նշվում է, որ Ադրբեջանը պարտավորված է լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ պահվող անձանց գտնվելու և ճակատագրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելով, և երաշխավորել, որ առանց ձգձգելու նրանք կվերադարձվեն 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն:
ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը նաև իր մտահոգություն է հայտնել ինչպես վերջին, այնպես էլ 1991-94 թվականների հակամարտության ժամանակ անհայտ կորածների հետ առնչվող խնդրով: Պիեռ Ալան Ֆրիդեզը երկու կողմերին կոչ է արել առանց նախապայմանների համագործակցել՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ անհայտ կորածների և ներկայումս բոլոր գերիների ազատ արձակման հիմնախնդիրը հանգուցալուծելու համար: Նշվում է, որ խնդիրների կարգավորման հարցում ԵԽԽՎ-ի հանձնաժողովը պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրին էլ: