Երեկ այցելել եմ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնք, որտեղ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող համայնքի բնակիչների ուղղությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Տեղանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դաշտը, որտեղ համայնքի բնակիչներն իրականացնում էին գյուղատնտեսական աշխատանքներ, գտնվում է ադրբեջանցիների կողմից ուղիղ դիտարկման ներքո, ուստի վարկածը, որ ադրբեջանցի դիրքապահները կրակել են, իբր, ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ, մտացածին ու անտրամաբանական է, քանի որ իրենց զբաղեցրած դիրքերից առանց սխալվելու կամ շփոթվելու հնարավորության տեսանելի է ինչպես մեր քաղաքացու կողմից վարվող գյուղատնտեսական նշանակության տեխնիկան, այնպես էլ աշխատանքի բնույթը:
Ադրբեջանական զինված ուժերը, իրենց գործողություններով ակնհայտորեն խախտելով քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, ոչ միայն խոչընդոտել են համայնքի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, այլև իրական ոտնձգություն գործել նրանց կյանքի իրավունքի նկատմամբ:
Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկայնքով անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այդ ճանապարհով ադրբեջանական շարասյուների տարանցման ժամանակ մերձակա համայնքների բնակչության անվտանգությունը երաշխավորելու համար խիստ կարևոր է տարանցումները հստակ որոշված ժամանակացույցով կազմակերպելը, ինչը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ կտա փոխգործակցության շրջանակում կանոնակարգելու և կարգավորելու այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքը, առողջությունը կամ սեփականությունը: Ժամանակացույցը նաև լրացուցիչ ու անհրաժեշտ պայման է քաղաքացիների համար` սեփական վարքագիծը որոշակիացնելու և հոգեբանական ներկա փուլում անվտանգության համար սպառնալիք դիտարկվող երևույթների մասին նախապես տեղեկացված լինելու տեսանկյունից:
Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանում սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից մշակվող դաշտերում Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահների ներկայությունը ուղղակի պարտադիր է՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար»,- գրել է Պաշտպանը: