Մեր երկրում երբեք ոչ մի թշնամանք չի քարոզվել՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի քայլերին, նա ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց, որ պատրաստվում է պետական մակարդակով քարոզել ատելություն»,- ասաց նա՝ անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ:
Ըստ Հայրապետյանի՝ Հայաստանը մինչև պատերազմը միշտ էլ խոսել է, որ պատրաստ է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, հսկայական ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: «Իսկ Ալիևը երեկ էլ ևս մեկ անգամ խոստովանեց, որ չէր պատրաստվում խաղաղության, այլ պատրաստվում էր պատերազմի: Թե ինչու մենք ավելի ինտենսիվորեն չէինք պատրաստվում հնարավոր ռիսկերի, պատերազմական գործողությունների կանխարգելմանը՝ դժվարանում եմ ասել»,- նշեց նա:
Ըստ Հայրապետյանի՝ Ադրբեջանն այժմ քաղաքականացնում է գերիների վերադարձի խնդիրը, ինչն անթույլատրելի է: