ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը հնչեցրեց ջերմոցատերերի մտահոգություններն առ այն, որ սաստիկ ձմռան հետևանքով շատ գազ են սպառել, ինչի արդյունքում իրենց բերքի ինքնարժեքը բարձրացել է, առկա է ապրանքի սպառման խնդիր, մյուս կողմից, ըստ նրա, Իրանից և Թուրքիայից ներմուծվում են լոլիկի և պղպեղի էժան խմբաքանակներ: Պատգամավորը հարցրեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին՝ ինչ է անում նախարարությունը խնդիրը լուծելու համար:
Սիմոնյանը հայտարարեց, որ 2021-ի հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում, Իրանից ներմուծվող ապրանքները, ըստ փոխնախարարի, ՊԵԿ-ը մաքսազերծում է այնպիսի գնով, որ տեղական արտադրությունը չի տուժում և ավելին՝ ավելի շահեկան վիճակում է:
Ինչ վերաբերում է տեղական գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի բարձրացմանը, Սիմոնյանը համաձայնեց, որ, այո՛, պատճառը մեծ ծավալի գազասպառումն է, խնդիրը, ըստ նրա, ուսումնասիրվել է և գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: «Ապրանքի գինը բարձրացել է ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահավետ: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ, որով պաշտպանում ենք տեղական արտադրողին: Այս վիճակը կտևի 20-30 օր, հետո արդեն գնային փոփոխություններ կլինեն, քանի որ տեղի են ունեցել եղանակային փոփոխություններ»,- ասաց նախարարի տեղակալը:
Անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքին՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշումից հետո թուրքական ծագում ունեցող 2350 տեսակի ապրանքների ներմուծումը Հայաստան ավտոմատ արգելափակվել է, այս տարվա հունվարից արգելվող ապրանքների թիվն ավելացել է: