Իրանական Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը կաթվածահար է արել ուրանի հարստացման գործընթացը, գրում է The New York Times-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրները:
«Անանուն պաշտոնյաները հայտնել են իսրայելական գաղտնի գործողության մասին: Նրանք կարծում են, որ միջադեպը լրջորեն կխանգարի Իրանի ուրանի հարստացմանը, Նաթանզում աշխատանքը վերականգնելու համար կպահանջվի առնվազն ինը ամիս»,- գրում է թերթը: Ենթադրում են, որ պատահարի հետևանքով ոչնչացվել է Նաթանզի էլեկտրամատակարարման համակարգը, առանց որի ուրանի հարստացման ցենտրիֆուգները չեն գործի: Այսպիսով, թերթը հաստատում է ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ Իրանում տեղի ունեցած միջադեպը իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:
Ավելի վաղ Jerusalem Post-ը հաղորդել էր, որ դա կիբեռհարձակում է, որի հետևում հավանաբար կանգնած է իսրայելական հետախուզական «Մոսադը»:
Կիրակի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հարստացման համալիրում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի ձախողումը համարել է «միջուկային ահաբեկչության» դրսևորում: Սալեհին, սակայն, զերծ է մնացել դիվերսիայի համար կոնկրետ ուժերին մեղադրելուց: