Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Առաջիկայում էլ Հայաստանի կառավարությունը Չինաստանից նվեր կստանա չինական «Սինովակ» պատվաստանյութի որոշ խմբաքանակ: Մինչ այդ այս պահին մեր երկրում եղած պատվաստանյութի երկու տեսակով՝ «Աստրազենեկայով» և «Սպուտնիկ V»-ով, նախատեսվում է պատվաստել ռիսկի չորս խմբի: Այդ խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի քաղաքացիները կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «Աստրազենեկայով»: Ի՞նչ սկզբունքով է կատարվել այս բաժանումը հարցին նախարարի պատասխանն է.
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Առաջնորդվում ենք այն ուղեցույցներով, որոնք տալիս են մասնագիտական կառույցները, նայում ենք նաև այլ երկրների փորձը և ձեր կողմից մատնանշած եվրոպական մի շարք երկրներ սահմանել են ռիսկերից խուսափելու համար որոշակի տարիքային ցենզ: Քանի որ այս պահին «Սպուտնիկ» պատվաստանյութի թիվը փոքր է, այս քաղաքականությունն է որոշվել: Հենց որ հաջորդիվ ունենանք նոր խմբաքանակ, այս տարիքային որոշակի տարբերությունները կվերանայվեն, և 65-ից բարձր քաղաքացիները նույնպես կունենան հնարավորություն՝ «Սպուտնիկով» պատվաստվելու:
«Աշխարհում արդեն 190 մլն մարդ պատվաստվել է «Աստրազենեկայով»՝ այս պատվաստանյութի հանդեպ ունեցած անվստահության մասին լուրերին արձագանքում է նախարարը և շեշտում. 190 մլն պատվաստվածից կողմնակի ազդեցություն գրանցվել է ընդամենը 182 մարդու մոտ: Անահիտ Ավանեսյանը հորդորում է զգուշավոր լինել տեղեկություն տարածելիս և չմոռանալ, որ ծանր դեպքերի ու մահերի թվերի կրճատման միակ ճանապարհը պատվաստումն է:
Անահիտ Ավանեսյան - Մենք առաջնորդվելով հնարավորինս զգուշավոր, հավասարակշռված մոտեցմամբ՝ որոշում կայացրեցինք, որ 55-ից ցածր քաղաքացիների համար չի կիրառվի «Աստրազենեկան» էս պահին: Նպատակն է կանխարգելել COVID-19-ով հիվանդանալու արդյունքում դրա ծանր ընթացքը և մահերը: Պատվաստումը այն գործիքն է, որ մեզ տալիս է այդ դարմանը:
Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցնում են՝ պատվաստումը կամավոր է, և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ծառայությունից:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Եթե մարդիկ հստակ ասում են, որ մենք «Սպուտնիկ» ենք ուզում, այդ պահին մենք չենք հերթագրում:
Ինչ վերաբերում է զինծառայողներին «Աստրազենեկայով» պատվաստելու մասին լուրին, նախարարը վստահեցրեց. զինծառայողներին այս պահին առհասարակ որևէ պատվաստանյութով պատվաստել չի նախատեսվում:
Անահիտ Ավանեսյան - Զինծառայողները այս պահին ռիսկի խումբ չեն հանդիսանում, և այս պահին պատվաստում չի արվելու ժամկետային զինծառայողների շրջանում:
Համաճարակային իրավիճակը վերջին 1-2 շաբաթվա ընթացքում նախարարը կայուն լարված բնութագրեց: Հիվանդացության թվերի նվազում դեռ չկա: Վարակվածների շրջանում էլ հոսպիտալացման կարիք ունեցողները շատ են: Նախարարությունը կորոնավիրուսով հիվանդների համար 2600 մահճակալ է ծավալել:
Անահիտ Ավանեսյան - Դրանց թվերը ավելացվում են, բայց, ինչպես հասկանում եք՝ այս ռեսուրսը անսահման չէ, և մենք առաջիկայում ևս ունենք մի փոքր հնարավորություն ավելացնելու, բայց պիտի ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք:
Նախարարությունն այս պահին բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ «Սպուտնիկ V»-ի մեծ խմբաքանակ ձեռք բերելու շուրջ: Չի բացառվում Հայաստանում էլ «Սպուտնիկի» համատեղ արտադրություն սկսվի: Հայաստանի կառավարությունը նշաձող է սահմանել. մեկ տարվա ընթացքում պատվաստել Հայաստանի 700 հազար քաղաքացու՝ իհարկե իրենց կամքով: