Արաքս համայնքի տղամարդիկ փորձում են վերականգնել նախորդ օրվա ուժեղ քամուց տապալված ջերմոցի հենասյուները: Մարդկային ուժն անկարող է, տեխնիկա է պետք: Ուժգին քամին ոչ միայն գետնին է հավասարեցրել ջերմատների մետաղական կոնստրուկցիաները, այլև դեֆորմացրել:
Խաչիկ Մալխասյան (Արաքս համայնքի բնակիչ) - Լրիվ պետք է ապամոնտաժել, նոր շինանյութ գնել, նորից հավաքել:
Խաչիկ Մալխասյանը երեք տարի առաջ է ջերմոցը հիմնել. ավելի քան 2 մլն դրամ է ներդրել: 10 օրից վարունգը շուկա էր հանելու, չհասցրեց: Եկամուտն էլ հաշված՝ քամին նրա բազմանդամ ընտանիքին 3,5 մլն դրամի վնաս է պատճառել:
Կարինե Մալխասյան (Արաքս համայնքի բնակիչ) - Ճիշտ է, կանաչ է, բայց 2-3 օրից կփչանա: Ոչ մի կերպ հնարավոր չի վերականգնել: Հողն ու փոշին տարավ իմ դառը քրտինքը:
Մալխասյանների ջերմատունը մեկ օր առաջ այս տեսքն ուներ. բույսն առողջ ու բարձր էր, բերքը՝ գրեթե հասունացած: Քամու, անձրևի և արևի տակ, առանց ծածկի մնացած վարունգը երկար չի դիմանա, կվերածվի անասնակերի: Ցանելու համար անպիտան են դարձել նաև Օհանյանների աճեցրած պղպեղի սածիլները:
Վարդան Օհանյան (Արաքս համայնքի բնակիչ) - Սածիլներն էլ է տարել քամին, մնացել են դատարկ բաժակները:
Համլետ Օհանյան (Արաքս համայնքի բնակիչ) - Ապահովագրությունը փրկություն է, ահռելի ծախսեր ենք անում, մինուսով դուրս գալիս:
Համեմատաբար թեթև վնասված ջերմոցները փորձում են վերականգնել. զոդում են, ամրացնում, կարկատում, քանի դեռ արևը շատ չի այրել, հնարավոր ամեն բան անում են՝ բերքի որոշակի քանակ փրկելու համար: Ստեղծված հանձնաժողովները հաշվում են վնասի չափը:
Վարդան Գրիգորյան (Արաքս համայնքի ղեկավար) - Մոտ 10 տոկոսը հիմնահատակ ավերվել է, 40 տոկոս՝ ցելոֆանե թաղանթները, իսկ բաց դաշտում՝ ավելի շատ: Եթե այստեղ տները փակել են, վնասը քիչ է, բաց դաշտում ահռելի է:
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Տեղում շրջում է, գնահատում վնասի չափը, ներկայացնում կառավորության լիազոր մարմնին:
Քամին տապալել է նաև կիսակառույցների պատերը, վնասել տանիքներ ու էլեկտրասյուներ: Օրեր առաջ էլ Սև ջուր գետն էր վարարել-լցվել ջերմոցները: Գետի հարևանությամբ ջերմատուն ունեցողները չէին կարողացել փրկել իրենց ապրուստի միջոցը:
Սարգիս Դանիելյան (Արաքս համայնքի բնակիչ) - Մի ամսվա բույսը կպել է գետնին:
Սելավից պաշտպանվելու լավագույն տարբերակը հողը գետից բաժանող հենապատեր կառուցելն է:
Գագիկ Մելքոնյան (Արաքս համայնքի բնակիչ) - Հողամասից հատված են տրամադրում, որ էդ հատվածը սարքեն, ավելի լավ է՝ մարդն իր հողամասից 2 մետր կորցնի, քան ամեն տարի էս վիճակը լինի:
Պաշտպանիչ հենապատեր կառուցելու առաջարկով Արաքսի ղեկավարությունը կդիմի գործադիրին: