Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը լարված է և պահպանվում են այն թվերը, ինչ գրանցվել էին նախորդ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ չունենք հիվանդացության նվազում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավական մեծ է, ինչը նշանակում է, որ պայմանավորված մի շարք հանգամանքներով, մարդիկ ավելի ծանր են տանում հիվանդությունը:
«Այս պահին ունենք ծավալված շուրջ 2600 մահճակալ, որոնց թիվը անընդհատ ավելացվում է, սակայն այս ռեսուրսն անսահմանափակ չէ, բայց պետք է ամեն ինչ անել, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք: Հիվանդացությունն ունի անկանխատեսելի ընթացք, և որքան էլ որ բժշկական օգնությունը տրամադրվի, առողջապահական համակարգը գերլարումով սպասարկի պացիենտներին, ունենք ծայրահեղ ծանր ընթացքի համամասնություն, և զգոնությունը, հիվանդության նկատմամբ վերաբերմունքը պետք է լինեն բավական լուրջ: Սրանով է պայմանավորված մեր երկրում պատվաստման գործընթացի ճիշտ կազմակերպման ընթացքը: Պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որը պիտի կանխարգելի և օգնի, որ մենք այս համավարակի էջը փակված համարենք մի որոշ ժամանակ հետո»,- ասաց նախարարը:
Ներկայացնելով պատվաստման գործընթացի կազմակերպման աշխատանքները՝ նախարարն ասաց, որ Հայաստանը երկու ուղղությամբ է աշխատում. մեկը՝ միջազգային հարթակի՝ COVAX Facility-ի միջոցով տանում է բանակցություններ, ունի շրջանակային պայմանագիր, որի շրջանակում կնքում է առանձին արտադրողների հետ պայմանագրեր:
«Այս հարթակի միջոցով մեր առաջին կնքված պայմանագիրը «Աստրազենեկայի» արտադրության պատվաստանյութի ձեռքբերումն է: Այս պահին մենք արդեն ավարտական փուլին ենք հասցնում նաև «Նովովաքս» պատվաստանյութի ձեռքբերումը ևս: Էլի կլինեն առաջարկներ, որոնք կդիտարկվեն, և որոշում կկայացվի հետագա ձեռքբերումների առումով»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում Հայաստան է ժամանել արդեն ռուսական պատվաստանյութի 15 հազար դեղաչափ, որը 7500 հոգու համար է նախատեսված: Խմբաքանակները շարունակաբար կժամանեն՝ պայմանագրերի կնքման արդյունքում:
«Բացի դրանից, մենք նաև Չինաստանի կառավարության կողմից ունենք նախնական համաձայնություն Հայաստանին դոնորության շրջանակներում տրամադրվելիք պատվաստանյութ, որն առաջիկայում ևս կժամանի Հայաստան, այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ, որոնք պիտի օգտագործվեն մեր երկրում»,- նշեց Ավանեսյանը: