Կարեն Գասպարյան (Սարուշեն համայնքի ղեկավար) - Տրակտորով դաշտում աշխատում էինք, հողը մշակում էինք, որպեսզի գարնանացան կուլտուրաներ ցանենք, ու այդ պահին թշնամին կրակ է բացել տրակտորի ուղղությամբ:
Օկուպացված Սարգսաշենից Սարուշենի ուղղությամբ ադրբեջանցիները գնդացիրից կրակել են ապրիլի 7-ին՝ ժամը 9:40-ի սահմաններում: Կրակոցներից վնասվել է տրակտորի ձախակողմյան ապակին, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը: Տրակտորիստն ու հողօգտագործող գյուղացին լքել են դաշտը: Միջադեպի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին:
Կարեն Գասպարյան - Ռուս խաղաղապահները եկել են, գնացել իրենց մոտ, ադրբեջանցիների հետ զրուցել են, ովքեր ասել են, թե դաշտ չէին մշակում, խրամատ էին փորում, դրա համար կրակել են:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ սարուշենցիները կարող են շարունակել գյուղատնտեսական աշխատանքները, ասում է Կարեն Գասպարյանը: Համայնքում, սակայն, մտահոգված են՝ ո՞վ է երաշխավորում, որ նորից չեն կրակելու: Աշխատանքների ժամանակ առաջարկում են խաղաղապահների ներկայությունը:
Կարեն Գասպարյան - Միանգամից կազմակերպենք, միանգամից տրակտորները բերենք մտցնենք դաշտի մեջ, 1-2 օրում մշակենք, դուրս գանքը: Նույնը անենք նաև հնձելու ժամանակ:
Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա մայրուղու վրա տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը: