Ռուսաստանի Դաշնության ղեկավարության և խաղաղապահ առաքելության համար հայ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություն է. հերթական անգամ անդրադառնալով թեմային՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Սերգեյ Կոպիրկին (Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Շատ համառ և հաստատակամ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Որոշակի տեղաշարժ կա: Գերիների խմբեր ոչ մեկ անգամ են վերադարձել: Աշխատանքները շարունակվում են:
Ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը նախօրեին Բաքվից ուղևորվել էր Երևան: Գերիների հարազատները հավաքվել էին օդանավակայանում՝ հույս ունենալով, որ գեներալ-լեյտենանտն իր հետ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հերթական խումբը կբերի, սակայն ինքնաթիռը դատարկ էր: Կոպիրկինն այսօր պատասխանել է հարցին, թե շարունակելո՞ւ է արդյոք Մուրադովն աշխատանքներն այդ ուղղությամբ:
Սերգեյ Կոպիրկին - Վստահ եմ, որ այո:
Պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձվել Ադրբեջանում պահվող 69 քաղաքացի, մեկն էլ տեղափոխվել է Լիբանան: Չնայած հայկական և ռուսական կողմերը տեղեկացնում են, որ բանակցությունները գերիների և պատանդ պահվող անձանց վերադարձի վերաբերյալ ընթանում են, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է՝ իրենց երկրում գերիներ չկան, իսկ պահվող անձանց որակում է ահաբեկիչ: Կոպիրկինն այսօր չցանկացավ մեկնաբանել Բաքվից հնչող հայտարարությունները:
Սերգեյ Կոպիրկին - Դժվարանում եմ մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները: Ինչքան ես եմ տեղեկացված՝ աշխատանքները շարունակվում են:
Դեսպանը նաև տեղեկացրեց՝ Հայաստանին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով ապահովելու հարցն այժմ քննարկվում է պատասխանատու կառույցների մակարդակով: Մոսկովյան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մեկ միլիոնից ավելի չափաբաժնի կարիք ունի: