Պլաստիկ քարտով ապրիլի թոշակն ստանալ, պարզվում է, ոչ բոլոր տատիկ-պապիկներն են կարողացել: Դեպքեր կան՝ գործարքը բանկոմատը մերժել է՝ հաշվին փող չլինելու պատճառով: Բանկերը կենսաթոշակի վճարման հետ կապված խնդիր չունեն՝ «Լուրերին» վստահեցրին Բանկերի միությունից: Սոցիալական ապահովության ծառայությունից պարզաբանում են. գումար կարող էր չփոխանցվել այն թոշակառուներին, որոնք խախտել են «մեկ տարվա ընթացքում անձամբ բանկ ներկայանալու» պահանջը: Դա պարտադիր է, այլ հարց, որ՝ կորոնավիրուսի ակտիվ փուլում տարեցներին բացառության կարգով թույլատրել էին բանկ չայցելել, որ հանկարծ Քովիդ չվարակվեն:
Նոնա Սարգսյան, Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետ - Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ժամանակ բանկ ներկայանալու ժամկետի երկարաձգմանը, դա գործել է, երբ երկրում հայտարաված են եղել հատուկ պայմաններ, որի ավարտի հետ միասին ավարտվել են բանկ ներկայանալու պայմանները:
Այնպես որ նրանք, ում ապրիլի թոշակը Սոցապ ծառայությունը չի փոխանցել, պետք է բանկ գնան ու ստորագրեն համապատասխան փաստաթուղթը: Միայն թե դրանից հետո նույնիսկ այս ամիս գումար չեն ստանա. ապրիլի փողը կփոխանցվի մայիսի թոշակի հետ միասին: Օրենքն է այդպես պահանջում: Մի ամբողջ ամիս ինչպե՞ս ապրեն առանց գումարի, այն էլ թանկացումների ֆոնին, չգիտեն: Արդյոք շա՞տ են նման խնդրի բախված քաղաքացիները՝ հստակ վիճակագրություն չկա:
Նոնա Սարգսյան - Թոշակ չստանալու զանգվածային դեպքեր կամ մեծ խմբաքանակով՝ ծառայությանը հայտնի չէ, չի արձանագրվել կամ մեծաքանակ խնդիր չի բարձրաձայնվել և ծառայություն դիմումների հոսք չի եղել:
Թոշակն անկանխիկ՝ քարտով ստանալու թղթաբանությունը հեշտացնելու համար պետությունը բանկերին այլընտրանքային տարբերակ է առաջարկել. պայմանագիր կնքել, ըստ որի անձի նույնականացման նպատակով թոշակառուին իրենց մոտ սպասելու փոխարեն աշխատակցին կուղարկեն տարեցի տուն կամ տեսազանգով կապ կհաստատեն: