Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-ի և անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագծին: Այն հնավավորություն կտա ինչպես Հայաստանին, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամ պետություններին արտոնյալ մաքսատուրքերով և սակագնային առավելություններով մուտք գործել սերբական շուկա: Սերբիայի հետ երկկողմ ազատ առևտրի համաձայնագրեր ունեն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
Համաձայնագրի քննարկման համար խորհրդարանում գտնվող Էկոնոմիկայի փոխնախարարին ջերմոցատերերի մտահոգությունները փոխանցեց «Լուսավոր Հայաստանից» Էդվարդ Հովհաննիսյանը: Ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար: Ձմռանը ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետևանով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաև կապված Իրանից և Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու պղպեղի հետ:
Փոխնախարարը վստահեցրեց՝ այս տարվա հունվարի մեկից Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ Իրանից ներմուծումների առնչությամբ նշեց՝ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում:
Խնդիրն այն է, որ, ապրանքի գինը թանկացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին:
Իսկ արդեն նիստից հետո հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությանը: Վերջին երեք օրերին օգտատերերը համացանցում բուռն քննարկում են կազմակերպված միջոցառումը:
Մարդիկ քննադատում են Ծառուկյանին՝ հետպատերազմյան այս ծանր շրջանում նման միջոցառում կազմակերպելու համար: Դժգոհություններ են հնչում նաև «Հայրենիքի փրկության շարժման» անդամների կողմից, որին մաս է կազմում ԲՀԿ-ն: Մամուլը գրեց մոտ մեկ ժամ տևած հրավառության և միլիոնավոր դոլարների հասնող ճոխ ծախսերի մասին: Հարսանիքին մասնակցած Միքայել Մելքումյանի կարծիքով՝ անձնական միջոցառման վրա կենտրոնանալ պետք չէ: Քննադատություններն էլ, ըստ նրա, կապված են նախընտրական շրջանի հետ:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար: