Քիչ առաջ Մոսկվայից Երևան ժամանեց Հայաստանի ծանրամարտի հավաքականը: Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին և մյուս հայ ծանրորդներին երկրպագուները դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մարզիկների ելույթները գնահատեց փառահեղ: «Հպարտության զգացում ապրեցինք և գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր, որից մեծ սպասելիքներ ունենք»,- նշեց նախարարը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեր ծանրորդների ելույթները բարձր և հուսադրող գնահատեց՝ նշելով, որ 2-3 տարի հետո Հայաստանի ծանրամարտի հավաքականը լինելու է աշխարհի ուժեղագույններից մեկը: «Եթե չլինեին մեր երկու ձախողումները, մենք թիմային հաղթանակ կտանեինք: Մեր երկու մարզիկներն էլ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, ոտքի խնդիր ունեին. Մարտիրոսյանը ոտքի վիրահատություն էր տարել, 15 օր է մարզվել, և անկախ այս առաջնության արդյունքից նա Օլիմպիական խաղերի ֆավորիտն է: Նա չի պայքարում զրո ստանալու համար, նա պայքարում է չեմպիոն դառնալու համար, ուստի բոլոր մյուս հայտարարությունները մերկապարանոց են: Դավիթ Հովհաննիսյանը նույնպես ոտքի մկանների, ծնկների խնդիր ուներ»,- ասաց Գիլոյանը:
Դիմավորման արարողությունից հետո Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ լավ էր պատրաստվել և հաջողվեց հաղթել: «Ուրախ եմ, որ Արսեն Մարտիրոսյանը գրավեց երկրորդ տեղը: Սա մեզ համար ստուգատես էր՝ Աշխարհի առաջնությունից առաջ»,- ընդգծեց ծանրորդը:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանի խոսքով՝ այս առաջնությունում բրոնզն իր համար բարձր նվաճում է և հաղթանակ:
Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի այս առաջնությունում փոքր ոսկի նվաճած Սիմոն Մարտիրոսյանը նշեց, որ չստացվեց այն, ինչի համար գնացել էր Մոսկվա: «Ունեի վնասվածք, չհասցրեցի լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չեմ հուսահատվում, շարժվում եմ դեպի Տոկիո, մասնակցելու եմ 200 տոկոսանոց մարզավիճակով»,- ասաց ծանրորդը:
Հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ վնասվածքը ստացել է Քարվաճառում, Սիմոնյանը պատասխանեց. «Ո՛չ, վնասվածքը մարզումներին եմ ստացել, իհարկե, անհաջողությանը որևէ արդարացում չկա, երևի դա իմ օրը չէր, բայց հետագայում լավ է լինելու»:
Նշենք՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 8 մեդալ է նվաճել՝ 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե, և երկամարտի արդյունքներով զբաղեցրել 3-րդ տեղը: