Հայկական գինու պիտակի վրա «Կախեթ» անվանումը հայ գինեգործների համար տարիներ շարունակ Վրաստանով արտահանման խոչընդոտ է եղել։ Կախեթին Վրաստանում աշխարհագրական տեղանուն է։
Զարուհի Մուրադյան (Գինեգործության և խաղողագործության միության նախագահ) - Կախեթը հայկական տեղածին սորտ է, բայց նաև Վրաստանում կա Կախեթի շրջան, իրենք գրանցել են դա որպես աշխարհագրական մակնշում՝ GI են գրանցել, և ըստ GI-ի օրենքի, եթե խաղողի սորտը խեղաթյուրում է աշխարհագրական մակնշումը, ցավոք, իրավունք չունենք պիտակի վրա մակնշենք խաղողի սորտը։
ԵԱՏՄ պահանջներին համապատասխան՝ Հայաստանը պարտավոր է գինու պիտակի վրա նշել խաղողի տեսակի անվանումը: Երկու երկրի կառավարական հանձնախմբերը բանակցում են «Կախեթ» գինու մակնշման շուրջ: Զուգահեռ արտահանման խոչընդոտներ են ստեղծվել նաև Հայաստանում աճող մսխալի, սապերավի, ռկածիթելի խաղողի տեսակներից ստացված գինիների արտահանման ընթացքում։ Եթե կախեթի դեպքում խնդիրն ինչ-որ չափով ընդունելի է, այս դեպքում անտրամաբանական է, քանի որ նշված անվանումներն աշխարհագրական տեղանուններ չեն։
Զարուհի Մուրադյան - Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բավականին շատ միջազգային սորտեր օգտագործվում են գինեգործական ընկերությունների կողմից ամբողջ աշխարհում, և մեզ համար զարմանալի էր, թե ինչո՛ւ մենք չենք կարող վրացական սորտերից գինիներ պատրաստել։
Ռկածիթելի, սապերավի, մսխալի, կախեթ խաղողի տեսակներից հայկական 15 գինեգործական ընկերություն տարեկան արտադրում է 2,5 միլիոն լիտր գինի։ Արտահանման խնդիրների հետևանքով Եվրոպայի և Ռուսաստանի շուկաներում, մատակարարման ժամկետների խախտումներով պայմանավորված, հաճախ չեղարկվում էին առևտրային պայմանագրերը։ Էկոնոմիկայի փոխնախարարն ու Գինեգործության միության նախագահը Վրաստանում օրեր առաջ այս հարցը կարգավորել են:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մսխալի, սապերավի, ռկածիթելի գինու սորտերը այսուհետ կարող ենք մենք առանց խնդրի արտահանել, եթե այդ խաղողի տեսակները գրված չեն վրացերեն տառերով։
Այս տարի վաճառասրահներում կհայտնվեն նաև «Արփա հովիտ» հայկական աշխարհագրական մակնշումով գինիները։ Այն կարող են օգտագործել Վայոց ձորի այն գինեգործները, որոնք կցանկանան իրենց արտադրանքը վաճառել միասնական աշխարհագրական բրենդով։