«Լրացուցիչ ապահովության և անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ նայել ենք, ուսումնասիրել մասնագիտական բոլոր կառույցների տված եզրակացությունները, և որոշում կայացրեցինք, որ «Աստրազենեկայով» պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ՝ կպատվաստվեն 55 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները»,- նշեց Ավանեսյանը:
«Առաջին ռիսկի խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են: Բուժաշխատողներ՝ արդեն իսկ կսահմանենք 55-ից բարձր տարիքի, քրոնիկ հիվանդներ՝ ևս 55-ից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ և բնակիչներ՝ ևս 55-ից բարձր»,- նշեց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակը դեռևս սահմանափակ է, սահմանվել են պատվաստվողների հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք, քրոնիկ հիվանդներ՝ ևս մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ և բնակիչներ՝ ևս մինչև 55 տարեկան:
«Այս ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում, երբ ունենանք նոր խմբաքանակ «Սպուտնիկ V» պատվաստանյութի, և միանշանակ 65-ից բարձր տարիքի քաղաքացիները ևս կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով»,- նշեց նախարարը: