Ապրիլի 9-ին կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Ադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932 թ. օգոստոսի 16-ին:
Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975 թ. վերակազմավորվել է քիմիական ֆիզիկայի ինստիտուտի:
Ադոլֆ Մանթաշյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղված էր բարդ, բազմափուլ քիմիական ռեակցիաների կինետիկային, որոնք ընթանում են ազատ ռադիկալների մասնակցությամբ, այրման քիմիական պրոցեսին, լուսա- և լազերաքիմիական պրոցեսներին, ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների սառը բոցերին և տատանումներին: Նա ճանաչված գիտնական է ածխաջրածինների օքսիդային փոխարկման գազաֆազ ռեակցիաների բնագավառում:
Աշխատանքները, որոնք իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում: