Կաթնամթերքի շուկայում հակամրցակցային խախտումներն այլևս չեն ներվելու։
Գեղամ Գևորգյան (ՏՄՊՊՀ նախագահ) - Սպառողը երբ որ մտնում է խանութ կամ որևէ տեղ և փորձում է ձեռք բերել կաթնամթերք, իր համար այնքան պարզ պետք է մակնշված լինի այդ ամենը, որ հատուկ գիտելիքներ տիրապետելու կարիք չլինի, որպեսզի հասկանա՝ սա թթվասե՞ր է, թե՞ թթվասերի տեխնոլոգիայով բուսական յուղ պարունակող մթերք։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը երկու ամսից կգործի։ Հանձնաժողովը նպատակ չունի պարբերաբեր տուգանելու տնտեսվարողին, սակայն հորդորում է՝ սպառողին մոլորեցնելու հաշվին չհարստանալ։
Գեղամ Գևորգյան - Կան դեպքեր, որ թթվասերի փոխարեն ոչ թե մակնշումը սխալ է նշված, այլ ընդհանրապես գրած է թթվասեր, բայց լաբորատոր անալիզներից հետո մենք հայտնաբերում ենք բուսական յուղ պարունակող մթերք։
Հաճախ բուսական յուղով արտադրված թթվասերը, կաթնաշոռը կամ պանիրը վաճառում են առանց մակնշման ու իրական կաթի հումքով արտադրված կաթնամթերքի գնով, ինչը մոլորեցնում է սպառողին ու մրցակցության ակնհայտ խախտում է։ Սուպերմարկետներում խնդրի լուծումը գտնվել է. հակամոնոպոլ մարմնի առաջարկով վաճառասրահներում առանձին տաղավարներում նշվում է՝ կաթնամթերքը բուսական յուղո՞վ է, թե՞ կաթի հիմքով։ Ճիշտ մակնշումը նաև ԵԱՏՄ կանոնակարգի պահանջն է։
Խաչատուր Պողոսյան (Կաթնամթերք արտադրողների միության նախագահ) - Նախկինում կար ըտենց բան։ Ես որպես սպառող և որպես հին կաթնամթերք արտադրողների ոլորտի ներկայացուցիչ՝ շատ խիստ եմ դա ընդունում, որովհետև իրոք եթե դու չես օգտագործում կաթի բաղադրիչներ, իրավունք չունես դա ասելու։
Կաթնամթերքի գնի և որակի անհամապատասխանության խնդիրը երկու տարուց ավելի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոշորացույցի տակ էր։ Որոշ տնտեսվարողներ արդեն խախտումները վերացնելու որոշումներով նախազգուշացվել են։ Եթե կրկնվի՝ պատիժը խիստ է լինելու։
Տիգրան Մարկոսյան (ՏՄՊՊՀ անդամ) - Բոլոր անազնիվ դրսևորումները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցություն և հանգեցնում են պատասխանատվության տվյալ տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով։
Որպեսզի գործը տույժ-տուգանքների չհասնի, հանձնաժողովն առաջարկում է աշխատել գործընկերային, փոխադարձ հարգանքի սկզբունքով՝ հիմա տեղեկացնում են, հետո կպատժեն։