Իսրայելն է կանգնած Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի վրա հարձակման հետևում, որի խնդիրն է խափանել Թեհրանի միջուկային գործարքի բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է IRNA-ն:
«Իսրայելը ցանկանում է վրեժ լուծել մեր հաջողությունների համար Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցում, բայց մենք դա թույլ չենք տա»,- ասել է նախարարը և շեշտել, որ պատասխանելու են Իսրայելին՝ ստեղծելով «ավելի ուժեղ Նաթանզ, որտեղ կկիրառվի ավելի առաջադեմ տեխնոլոգիա»:
The New York Times-ը, սակայն, վկայակոչելով հետախուզական աղբյուրները, հայտնում է, որ իրանական Նաթանզի միջուկային օբյեկտում վթարը տեղի է ունեցել Իսրայելի ծրագրած պայթյունի հետևանքով:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ պատահարը ոչնչացրել է լավ պաշտպանված ներքին էլեկտրական համակարգը, որը սնուցում էր ուրանի հարստացման ցենտրիֆուգները: Անանուն պաշտոնյաները ամերիկյան թերթին հայտնել են, որ միջադեպը լուրջ հարված է հասցրել ուրանի հարստացման Իրանի կարողությանը: