Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը, հայտնում է ahvalnews-ը:
Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ, այդ թվում` Արևելյան Միջերկրականի և Էգեյանի հարցի վերաբերյալ վերջին զարգացումները: Արտգործնախարարների օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը:
Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու և աջակցություն ցուցաբերելու համար:
Հույն դիվանագետը Թուրքիա այցից առաջ քննադատել է Անկարայի այդ քաղաքականությունը: «Մենք կտրականապես մերժում ենք Հունաստանի իմիջը արատավորելու բոլոր ջանքերը` անընդունելի կեղծ լուրերի հրապարակման միջոցով»,- ասել է Հունաստանի արտգործնախարարությունը գրավոր հայտարարության մեջ:
Հունաստանը պատասխանել է Թուրքիայի նախագահության հրապարակած տեսանյութին, որում թուրքական կողմը պնդում է, որ Աթենքն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում` Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, փախստականների ճամբարում ապաստան է տրամադրում դրանց անդամներին: