Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Մանվելի Գրիգորյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:
«Դավիթը դեռ մանկուց աչքի է ընկել իր ազնվությամբ, հայրենասիրությամբ և ապագայի նկատմամբ անսպառ ծրագրերով: Խելացի, իր տարիքի համեմատ բավական հասուն. ահա այսպես են բոլորը միաձայն բնութագրում Դավիթին, իսկ նրա գործած սխրանքները խոսում են ամեն ինչից առավել: Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Դավիթը ոչնչացրել է 12 տանկ, 10 զրահատեխնիկա, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 1 ՏՕՍ համակարգ:
Այս թվերը չեն մատնանշում միայն հակառակորդի բանակին հասցված վնասը: Ավելին, նրանք մեզ ցույց են տալիս այն հարյուրավոր կյանքերը, որոնք փրկվել են Դավիթի սխրանքների շնորհիվ: Ավագ սերժանտ Գրիգորյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ թշնամու հարվածից:
Մեդալները հերոսի հարազատներին հանձնելու արարողությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, N զորամասի ՀՏՄ հրամանատար, լեյտենանտ Էդվին Բալայանը: Ներկաները շնորհակալություն հայտնեցին Դավիթի հարազատներին՝ հայրենասիրության անկոտրում ոգով իրենց որդուն դաստիարակելու համար, ով իր կյանքի գնով ամբողջ աշխարհին ի ցույց դրեց հայրենասիրության և անհավանական խիզախության վառ օրինակ:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, շեշտելով երիտասարդների սխրագործությունները, նշեց, որ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ ու խաղաղ ապագան, և երբեք չմոռանալ այն գինը, որը ստիպված ենք եղել վճարել այդ խաղաղության համար»,- ասված է հայտարարությունում: