Գյումրու ԲԿ-ի Քովիդ բաժանմունքը վերաբացվել է մարտի 17-ից, անձնակազմն աշխատում է գերլարված ու խիստ ծանրաբեռնված, բաժանմունքում ազատ տեղեր չկան։
Մյուս մարզերից հիվանդ ունենալու փաստը ամենևին չի նշանակում, որ Շիրակում վիրուսի տարածումը թույլ է կամ վիճակը հանգիստ է՝ բացատրում է Արմեն Խաչատրյանը, հիվանդներին ուղղորդողը հանրապետության տրիաժ բաժանմունքն է։ Ինչպես մյուս մարզերից են Գյումրիում բուժվում, այնպես էլ Շիրակից են տեղափոխում, նայած որ պահին ո՛ր բուժհիմնարկը տեղեր ունի։
Վիրուսի տարածման արագությունը բարձր է, մարդկանց զգոնությունն ու վերահսկողությունն է շատ ցածր՝ ասում է բժիշկը։
Ինֆեկցիոնում էլ է վիճակը նույնը, մահճակալային ֆոնդը 100 տոկոսով զբաղված է։ Վերահսկողությունից դժգոհ է նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն։ Լեյլի Ասլանյանի խոսքով՝ վիճակը դեռ վերահսկելի է իմունիտետ ձեռք բերածների շնորհիվ։
Նախարարությունում օրերս քննարկում է եղել ոլորտի մարզային կազմակերպիչների մասնակցությամբ։ Քննարկել են հանրապետությունում համավարակով պայմանավորված հիվանդացության աճը, այժմ ամփոփում են մարզում ռիսկի խմբում գտնվող և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների տվյալները։ Նրանք առաջնահերթ կպատվաստվեն։
Հիվանդությունը բարձր տարածում ունի, բայց դեռ երրորդ բուժհաստատության բացման անհրաժեշտություն չկա։ Հոսպիտալացման ենթակա հիվանդները տեղավորվում են Շիրակի ու հանրապետության մյուս կենտրոններում։