Բոլոր գեներալները այս կամ այն չափով մասնակցել են ռազմական գործողություններին. հայտարարել է պատերազմի ընթացքում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով աղմուկին, թե որոշ հրամանատարների արգելել են մասնակցել պատերազմական գործողություններին, ինչն էլ պարտության պատճառ է դարձել: Բաբայանը պնդել է, որ գեներալների մասնակցության հարցը որոշվել է միայն Արցախում՝ պաշտպանության բանակի հրամանատարի և Արցախի նախագահի գլխավորությամբ, Հայաստանից որևէ մեկը չի միջամտել: Որպես պաշտպանության բանակի նախկին հրամանատար՝ Բաբայանն անդրադարձել է նաև սպառազինության հարցին, ընդգծելով, որ դեռ 2013-ին է զգուշացրել խնդիրների մասին, սակայն ուշադրություն չեն դարձրել:
Սամվել Բաբայան (Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար) - Ո՞վ պետք է ղեկավարեր բանակը: Այդ գեներալները, չէ՞: Իրենք էին էս վերջին 20 տարին ղեկավարում: էդ մարդկանց հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել՝ հակառակորդը ինչով է զինվում, ինչ զորամասեր ունի, ինչ է ավելացվել: Դուք էդ զեկույցով որոշում կայացրե՞լ եք՝ գլխավո՛ր շտաբ, նախարա՛ր:
Ի՞նչ որոշումներ եք կայացրել, խնդրեմ, բերեք՝ ներկայացրեք: Էդ ԳՇ պետը, որ ասում ա՝ ես երրորդ օրը ասել եմ՝ բանակը պատրաստ չի, այսինքն՝ ինչն ա իրան բերել նրան, որ բանակը պատրաստ չի: Ես առաջարկում եմ՝ գրավոր ներկայացնի, թե ինչն է բերել նրան, որ երրորդ օրը հասկացել ա, որ բանակը պատրաստ չէ: Էդ փաստաթղթերը, որ իրար կողք եք հավաքում՝ ինչ որոշումներ են կայացրել, պարզ ա դառնում մեղավորների ցանկը, էդ մեկը չի, երկուսը չի, տասը չի: Էդ լուրջ ցանկ ա: Իրանք էլ դրա համար բարձրաձայն գոռում են, որ իրենք փրկվեն: