Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսին:
«Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Կիպրոսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակի բացման առիթով:
Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Անուրանալի է հատկապես տիկին Թեոխարիուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում:
Էլենի Թեոխարիուսը Արցախի ժողովրդի կողքին էր դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ իր մասնագիտական ու անմիջական աջակցությունն էր ցուցաբերում ազատամարտում վիրավորված մարտիկներին:
Խորապես շնորհակալ ենք Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին՝ Էլենի Թեոխարիուսի նախաձեռնությանը նպաստելու և հայ-կիպրական հարաբերությունների զարգացմանն օժանդակելու հարցում:
Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական սփյուռքի, մասնավորապես՝ կիպրահայության ունեցած ավանդը հայապահպանության գործում, երախտապարտ ենք արցախահայությանը մատուցած ծառայությունների համար:
Համոզված ենք, որ հայ-կիպրական, Արցախ-Կիպրոս համագործակցության շրջանակները հընթացս ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: