Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը՝ տեղեկացրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ: Հստակ արձանագրվում էր, որ համաձայն 2021 թ. մարտի 16-ի ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրության՝ ուժի մեջ են մնում Ադրբեջանում պահվող 188 հայ գերիների վերաբերյալ դատարանի կողմից կիրառած միջանկյալ միջոցները: Այդ տեսանկյունից, շատ մտահոգիչ է, որ դատարանը իրազեկել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը «չի հարգում դատարանի կողմից սահմանված ժամկետները ներկայացնելու այդ անձանց մասին համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում է ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն»: Սա մտահոգիչ է այդ անձանց ճակատագրերի առնչությամբ՝ հաշվի առնելով վերջին հավաստի վկայությունները հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող տանջանքների մասին, ինչպես ներկայացված է Human Rights Watch կազմակերպության զեկույցում:
Հետևաբար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ամբողջությամբ համագործակցի դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնք ներկայացված են դատարանի ցուցակի համաձայն, ինչպես նաև հավաստիացնելով, որ նրանք առանց հետաձգման ետ կվերադարձվեն: Հայտարարության մեջ նաև նշվում էր, երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները չեն վերանա, քանի դեռ չկա քաղաքական լուծում: Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես պատասխանատու են խաղաղության կառուցման հարցում: Առաջին քայլերը ենթադրում են բոլոր ռազմագերիների վերադարձ, անհայտ կորածների տեղորոշում, համագործակցությունը ականազերծման աշխատանքների շուրջ, միմյանց մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք և պաշտպանություն, ատելության խոսքի բացառում, բոլոր տեղահանվածների կամավոր, ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովում և ճշմարտության ու հաշտության խրախուսում:
Այս հարցի առնչությամբ իմ ելույթում արձանագրել եմ. «Ռազմագերիների թեման շատ հրատապ է, այս հարցը չի կարելի որևէ կերպ քաղաքականացնել, քանի որ այն ունի բացառապես հումանիտար բնույթ: Ադրբեջանական կողմը ապակառուցողական և անընդունելի պահվածք է ցուցաբերում, ինչի մասին փաստում է նաև ՄԻԵԴ-ի իրազեկումն Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանը չի հարգում դատարանի կողմից ներկայացված ժամկետները և չի տրամադրում համապատասխան տեղեկատվություն: Բաքվում պահվող հայերի կյանքը վտանգված է, առավել ևս, երբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ետ վերադարձնել ռազմագերիներին և հանձնաժողովը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ադրբեջանի նմանատիպ պահվածքի նկատմամբ: Մեզ՝ պատգամավորներիս, շարունակ հարցնում են ի՞նչ է անում Եվրոպան, որպեսզի հարկադրի Ադրբեջանին ետ վերադարձնել ռազմագերիներին: Ի՞նչ պետք է մենք պատասխանենք ռազմագերիների ընտանիքներին, ասե՛ք մեզ:
Ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որը իրականցվում է Իլհամ Ալիևի ուղղակի հրամանով: Հույս ունեմ, որ զեկուցողը իր զեկույցի շրջանակներում կանդրադառնա այդ հարցին: Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է: Դա պետական քաղաքականություն է:
Ինչ վերաբերում է ականադաշտերի մասին Ադրբեջանի բարձրացրած հարցին, ապա դա արհեստական թեմա է, որով Ադրբեջանը փորձում է կոծկել իր գործելաոճը ռազմագերիների հարցում: Ադրբեջանական կողմը երբեք չի դիմել մեզ այդ հարցով: Խորհուրդ կտամ համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այդ հարցում»:
Հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա) իր ամփոփիչ խոսքում նշեց, որ պատրաստվում է այս հարցի մասին հայտարարություն անել իր անունից, քանի որ չի կարելի այլևս երկարաձգել. Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ-ի հետ, իսկ ԵԽԽՎ-ն աջակցել ՄԻԵԴ-ին»,- գրել է Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում: