ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումն ու 2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումը հնարավոր եղան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանատու դիրքորոշման շնորհիվ:
«Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը»,- նշել է ՌԴ նախկին փոխարտգործնախարար Կարասինը:
Նրա գնահատմամբ՝ շատ բան կախված է լինելու այն հարցից, թե որքան արագ հնարավոր կլինի վերականգնել վստահությունը կողմերի միջև: «Հստակ քայլերն արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումները, որոնվում են ուղիներ: Փոխվարչապետների մակարդակով ակտիվ աշխատում է եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրներ»,- ասել է նա:
«Կոմերսանտի» զրուցակիցը նշել է, որ այս հարցում դրական դերակատարում կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Այդ եռյակը փորձ և արտաքին պատշաճ աջակցություն ունի: Ենթադրվում է, որ հնարավոր կլիներ վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների պրակտիկան, ինչը շոշափելի միջազգային արձագանք կստանար»,- հայտարարել է նա:
Կարասինը չի ցանկացել որևէ զուգահեռ անցկացնել Արցախի հիմնահարցի և Մերձդնեստրի խնդրի միջև: «Չափազանց տարբեր են էթնիկ, դավանաբանական և աշխարհագրական բնորոշիչները»,- եզրափակել է պաշտոնյան: