Ադրբեջանի մի շարք բանտերում արդեն տեղ չկա, բանտերի մեծ մասը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, օրենքով նախատեսված ամեն ինչ վճարովի է: Բանտարկյալների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ արդիական խնդիր: Այս մասին նշվում է Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի՝ Ադրբեջանի կալանավայրերում բանտարկյալների իրավունքների վերաբերյալ զեկույցում, հայտնում է Turan լրատվական գործակալությունը:
Զեկույցում նշվել է, որ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են 20-րդ դարի կեսերին, իսկ մի քանիսը` նույնիսկ Ստալինի կառավարման տարիներին: Այս հաստատությունները չեն համապատասխանում քրեակատարողական հիմնարկների եվրոպական չափանիշներին: Յուրաքանչյուր սենյակում պահվում է 40-80 մարդ: Վարակիչ և վիրուսային հիվանդություններով վարակված հիվանդները հաճախ չեն մեկուսացվում այլ բանտարկյալներից:
Ցածր է նաև բժշկական օգնության որակը, ինչն էլ մեծ թվով մահերի պատճառ է դառնում:
Զեկույցում շեշտվում է՝ ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվում, կողմնակալ վերաբերմունք ցուցաբերվում:
Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի բանտերում տիրող իրավիճակին և ազդի կառավարության վրա՝ իրավիճակը բարելավելու համար:
«Եվրախորհրդի վերջին զեկույցն արտացոլում է մի շարք խնդիրներ: Բայց դա գրվել է փափուկ, դիվանագիտական ձևով, իրականում իրավիճակն էլ ավելի վատ է»,- ասել է Հասանովը: