Ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճել են Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը: 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանն անգերազանցելի է եղել երկամարտի 375 կգ արդյունքով. պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 175 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցել է 200 կգ արդյունք:
102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը չեմպիոն է դարձել երկամարտի 390 կգ արդյունքով՝ պոկելով 176 կգ և հրելով 214 կգ: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ)՝ երկամարտում գրանցելով, համապատասխանաբար, 380 կգ և 464 կգ արդյունք: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնել են Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Գյուրջյանը երկամարտում գրանցել է 227 կգ արդյունք, Կարապետյանը՝ 365 կգ, Մկրտչյանը՝ 372 կգ, իսկ Լալայանը՝ 445 կգ: Երկամարտի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալով զբաղեցրել է 3-րդ տեղը. առաջատարն Ուկրաինայի ընտրանին է (4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ), իսկ երկրորդ տեղում Բուլղարիան է (3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե):
Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները.
Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) զբաղեցրել խմբում առաջին հորիզոնականը: Բացի դրանից՝ հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել: Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) պոկում վարժությունում 165 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրումում զրո է ստացել՝ 3 անգամ չկարողանալով հրել 195 կգ ծանրաձողը: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 190 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում զրո է ստացել: Տաթև Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք, իսկ Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ ցուցանիշով չորրորդն է եղել +87 կգ քաշային կարգում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ ծանրորդների ելույթներին: