Երեքշաբթի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ մարտի մեկի գործով քրեական հետապնդումը դադարեցվեց: Մայր գործից առանձնացված մասի կարճման հիմքը Սահմանադրական դատարանի որոշումն էր: Բարձր ատյանի համոզմամբ` 300.1 հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալումը, հակասահմանադրական է:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի այլ հոդվածներով: Քոչարյանը՝ կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Այդ գործով դատական նիստերը կշարունակվեն: Սակայն դատախազությունը ևս դիմել է ՍԴ:
Մեղադրող կողմը ցանկանում է վերաորակել «Մարտի 1»-ի գործով չորս նախկին պաշտոնյայի մեղադրանքը: Պաշտպանների համոզմամբ՝ հնարավոր չէ վերաորակել այն, ինչ այլևս որակված չէ: Այսինքն, եթե մեղադրանք էլ չկա, վերաորակում էլ չի կարող լինել: Իսկ դատախազների պնդմամբ՝ այն ինչ արել են Քոչարյանն ու իր երեք նախկին ենթակաները 2008-ին, հանցակազմ պարունակում է, հետևաբար նրանք պետք է պատժվեն, թեկուզ այլ հոդվածով:
Այդ ամբողջ գործընթացին հետևում են 10 զոհերի հարազատները, որոնք արդեն 13 տարի սպասում են արդարադատության: Լիլիթ Հարությունյանն է պատմում: