Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները: Երկու առաջնորդների համանախագահությամբ Անկարայում տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ հանդիպումը: Վոլոդիմիր Զելենսկու՝ Թուրքիայի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթեր: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում Մոսկվայի դիրքորոշման հիմնավորվածությունը:
---
Էրդողանի հետ հանդիպուման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված միջադեպից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը քնել չի կարողանում: Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին վրդովեցրել էր այն, որ Անկարայում բանակցությունների ժամանակ Շառլ Միշելը զբաղեցրել է Ռեջեփ Էրդողանի կողքին դրված միակ աթոռը: Տեսախցիկները ֆիքսել են այն դրվագը, երբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նստում է երկու նախագահներից հեռու գտնվող բազմոցին: Շառլ Միշելը խոստովանել է, որ միջադեպը խանգարել է իր քունն ու ավելացրել, եթե հնարավոր լիներ, կվերադառնար ու կշտկեր սխալը:
---
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Բրյուսել՝ ՌԴ-ի հետ կապված մտահոգությունների ֆոնին ՆԱՏՕ-ի շրջանակում նոր հանդիպումների մասնակցելու նպատակով: Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ապրիլի 14-ին Բրյուսելում կհանդիպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:
---
Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային գործարքին՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Դիվանագետը, սակայն, ընդգծել է, որ դա չի նշանակում բոլոր սահմանափակումներից հրաժարում:
---
Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացումը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար և թույլ կտա ստեղծել լրացուցիչ 50 հազար աշխատատեղ՝ հայտարարել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատարը: Միշել Նաջարի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նավահանգստի ենթակառուցվածքները ոչ միայն դարձնել ավելի ժամանակակից՝ բեռնափոխադրման ծավալների մեծացման նպատակով, այլև այն ընդլայնել դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ:
---
Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 700 հազարից ավելի դեպք. վերջին 3 ամսվա հետ համեմատած՝ սա ռեկորդային ցուցանիշ է՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Վերջին 24 ժամում Քովիդ-19-ից մահացել 12. 639 մարդ։ Վարակման նոր դեպքերի 35 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, որին հաջորդում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա տարածաշրջանը, այնուհետև Հարավարևելյան Ասիան։ Հիվանդացության ցուցանիշով առաջատարն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, հետո Հնդկաստանը: Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան:
---
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը մոտենում է գագաթնակետին` հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը՝ բնակչությանը կոչ անելով խստորեն պահպանել բոլոր կանոնները: Ամիրան Գամկրելիձեն վստահ է` իրավիճակի վատթարացումը պայմանավորված է սահմանված կանոնների և խորհրդատվությունների խախտմամբ: Վերջին 14 օրվա ընթացքում վարակի ինդեքսն աճում է, ակտիվ դեպքերի թիվը նույնպես, այսինքն՝ աստիճանաբար ծանրաբեռնվում է նաև առողջապահական համակարգը: