Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ: Ըստ էության, հենց սա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման առանցքը՝ դրանով պայմանավորված բազմաթիվ այլ խնդիրներով: Խոսքը, մասնավորապես, ռազմագերիներին, պատանդներին և Ադրբեջանում պահվող այլ անձանց մասին է, որոնց, ի խախտումն նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության, Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել Հայրենիք:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց, ցավոք, մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք որևէ տարակարծություն չունենք:
Երևանն ու Մոսկվան տարակարծություններ չունեն նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասով և խաղաղապահներին դիտարկում են որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիք, ինչը հնարավորություն է տալիս ջանքեր գործադրել արցախյան խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյան - Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:
«Որոշ ասպեկտները», ըստ երևույթին, վերաբերում են այդ թվում նաև Սու-30 ՍՄ ինքնաթիռներին, որոնց ձեռքբերումը Հայաստանը հռչակել է որպես զինված ուժերի բարեփոխման համակարգային ծրագրի մաս։ Համենայնդեպս, դեռ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանի մտադրությունները չեն փոխվել, Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել նոր ինքնաթիռներ և ոչ միայն։
Նիկոլ Փաշինյան - Մենք շահագրգռված ենք, որ զենքի և զինամթերքի մատակարարումը Հայաստան տեղի ունենա նույն կոմպլեկտավորումով, ինչպես Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համար: Նշված ինքնաթիռի տեսակի վերաբերյալ ես նույնպես դրական կպատասխանեմ, քանի որ դա ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ է, և դրա գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ մեր երկրի զինված ուժերի ազգային զարգացման ծրագրով:
Այս պահին հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած երրորդ, բայց կարևորությամբ նվազ նշանակություն չունեցող ուղղությունը տնտեսականն է։ Համենայնդեպս, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ շեշտեց երկու երկրի տնտեսական կապը՝ ընդգծելով, որ չնայած անցած տարվա ընթացքում, կապված հիմնականում կորոնավարակի հետ, ապրանքաշրջանառության ծավալը նկատելի նվազել է, սակայն առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը ոչ միայն կվերականգնվի, այլև կհասնի ավելի բարձր մակարդակի։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Իհարկե, ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով՝ սա չափազանց կարևոր է:
Ի դեպ, հատկանշական է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից անմիջապես առաջ ռուսաստանյան ՌԲԿ գործակալությունը, մատնանշելով սեփական աղբյուրները, պնդում արեց, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում Երևանը նոր պահանջ է առաջ քաշել։ Մասնավորապես, հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանին Մեղրիով կապող երկաթուղուն զուգահեռ շահագործման հանձնվի Իջևանից դեպի Ղազախ գնացող նախկինում աշխատող երկաթգծային հատվածը և այդպիսով ապաշրջափակվի Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը։ Ընդ որում, այդ պահանջը փոխվարչապետների եռակողմ ֆորմատում արդեն իսկ հնչել է և նույնիսկ ենթադրություն կա, որ երկաթուղու այս ճյուղի կառավարումը նույնպես կհանձնվի «Ռուսական երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը։