2021 թվականը շատ անհաջող մեկնարկեց Նահանգներում Ադրբեջանի լոբբիստների համար։ Նախ՝ Մինեսոտայի նահանգապետն ու Բոստոնի արդեն նախկին քաղաքապետը հրաժարվեցին Խոջալուի դեպքերի հետ կապված՝ ավելի վաղ արած ադրբեջանպաստ հայտարարություններից։ Ձախողման հաջորդ հանգրվանը Մեյն նահանգի Պորտլենդ բնակավայրն էր։
Ժերար Քիլաջյան (Մեյն նահանգի հայկական մշակութային միության ղեկավար, Պորտլենդի բնակիչ) - Քաղաքապետը սկզբում ասաց, որ չի չեղարկի իր հայտարարությունը։ Ներողություն է խնդրում հայերից, համարում է, որ սխալվել է, բայց չի չեղարկում։ Մենք շարունակեցինք ճնշումը:
Պորտլենդի հայերը զումով հանդիպեցին քաղաքապետի հետ։ Բացատրելով, որ Խոջալուի պատմությունը ստի վրա է կառուցված՝ քաղաքապետին հասկացրին, որ Բաքուն նրան օգտագործում է իր շահերի համար։ Հետո եղան այլ զարգացումներ, որոնք ավելի օգնեցին հայ համայնքին։
Ժերար Քիլաջյան - Բոստոնում և Մինեսոտայում հռչակագրերը չեղարկելուց հետո զգացինք, որ բավականաչափ նախադեպ կա, որպեսզի Պորտլենդը հետևի իրենց օրինակին:
Քեյթ Սնայդեր (ԱՄՆ Մեյն նահանգի Պորտլենդի քաղաքապետ) - Կցանկանայի ընդգծել, որ ոչ թե ես անձնապես, այլ քաղաքապետարանն էր մտադրվել միջամտել մեր համայնքին երկար ժամանակ պառակտող այս հարցի լուծմանը։ Խնդիրը լսել և քննարկել եմ Պորտլենդի բնակիչներից շատերի հետ։ Հավատում եմ, որ Պորտլենդի լավագույն շահերից է բխում հռչակագիրը հետ կանչելը:
«Քաղաքի հայերը կրկնակի հանդիպում ուզեցին։ Թեման ներթափանցեց ամերիկյան մամուլ, ու Քեյթ Սնայդերը, ի վերջո, տեղի տվեց: Պետք է ասել, որ չեղարկումների այս շքերթը, որին այս տարի հասան մեր հայրենակիցները, ընդհանրապես ամերիկյան իրականության մեջ հաճախ չի պատահում։ Բայց այս տարի ադրբեջանական լոբբիի հետ պատահեց։
Ամերիկյան թերթի լրագրողը խոսել էր նահանգի բնակիչ Թարլան Ահմեդովի հետ, որի նախաձեռնությամբ սկզբում ընդունվել էր տխրահռչակ հռչակագիրը։ Ադրբեջանցին ասել էր, որ սիրտը կոտրվել է՝ իմանալով Սնայդերի նոր որոշման մասին։ Կոտրված սրտով Թարլանից բացի, ամերիկացի լրագրողը զանգահարել էր նույնպես Մեյնում բնակվող Աննա Աստվածատրյան-Թերքոտին։
Աննա Աստվածատրյան-Թերքոտ (իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի անդամ) - Իբրև փախստական՝ ես ինձ թիրախավորված էի զգում այս որոշմամբ։ Ողջունում եմ քաղաքապետին դժվարին իրավիճակում ճիշտ քայլ անելու խելամտության և տոկունության համար:
Այս տարի ավելի վաղ մերոնք նաև հասան նրան, որ փողով տեղադրված հակահայ վահանակները վայր բերվեցին ամերիկյան մի քանի բնակավայրերում։ Ընդօրինակելով խաղի կանոնները, ինչպես հաճախ է լինում՝ թուրքերն էլ բողոքի արշավ սկսեցին Արվեստի խաղաղության միության նախաձեռնած՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող ցուցանակի դեմ: Համայնքային ակտիվիստ Դանիել Վարուժան Հեջինյանի ջանքերով այն տեղադրվել էր Մասաչուսեթս նահանգի ճանապարհներից մեկին։
Դանիել Վարուժան Հեջինյան (Արվեստի խաղաղություն միության ղեկավար) - Այս տարին տարբեր էր մյուսներից. առաջինը՝ քանի որ լիահույս ենք, որ նախագահը կճանաչի։ Եվ երկրորդ՝ քանի որ այս տարի ստացանք արձագանքներ ինչպես ժխտողների, այնպես էլ համակիրների կողմից:
Չնայած թուրք մերժողականների բարձրացրած աղմուկին՝ Հեջինյանը նահանջելու մտադրություն չունի:
Դանիել Վարուժան Հեջինյան - Ֆիլադելֆիայի Հայոց ցեղասպանության հիշատակման կոմիտեն հովանավորեց նմանատիպ էլեկտրոնային վահանակների բարձրացումը Ֆիլադելֆիայում: Ինչպես նաև, ապրիլ ամսվա ընթացքում Մասաչուսեթս նահանգում կտեղադրվեն լրացուցիչ էլեկտրոնային վահանակներ:
Հեջինյանի վահանակները, ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատներից ամերիկացի օրենսդիրները Ջո Բայդենին կոչ են անում երկու շաբաթ անց կատարել ճիշտ քայլ։ Ապրիլի 24-ին ընդառաջ տարբեր ազդանշանները որոշակի դրական ակնկալիք են ստեղծել՝ հույսով, որ այս անգամ Միացյալ Նահանգների նախագահի ելույթը չի ենթարկվի Անկարայի գրաքննությանը։