Ի՞նչ երազներ էր տեսնում 20-րդ դարի խոշորագույն գրողներից մեկը՝ Կաֆկան․ այս հարցի մասին մտորումները ստիպեցին ռեժիսոր Դավիթ Բաբայանին ստեղծել «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։
Դավիթ Բաբայան (ռեժիսոր). «Մի տարի առաջ միտքը ծնվեց: Որոշեցինք առաջինը Կաֆկայի մասին անել, քանի որ մեր իրականությունը շատ մոտ է նրա ստեղծագործություններին: Ես գրեցի սցենար, ու մտածում էինք՝ ով է ռեալիզացնելու մուլտը, ու եկանք Արամ Վարդազարյանի անիմացիոն ստուդիա»։
Դիզայնից մինչև ձայնային մշակում՝ կազմակերպել է եռաչափ գրաֆիկայով անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Վարդազարյան ստուդիան: Գործընթացում ներգրավվել են ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու գրասենյակի նկարիչները։ Ֆիլմն ստեղծվել է Art Step Studio-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ։
Արամ Վարդազարյան (Vardazaryan Studio-ի հիմնադիր տնօրեն). «Ժամանակի մեծ մասը գնացել է կերպարների ստեղծման վրա: Դավիթ Բաբայանը էսքիզներն է արել: Ստուդիայում մտածել ենք՝ ինչպես ռեալիզացնենք»:
Ֆիլմի գրական հիմքը Կաֆկայի օրագրերն ու նամակներն են։ Հեղինակները ոգեշնչվել են նաև «Դատավարություն» վեպից։ Կերպարներին Դավիթ Բաբայանը ստեղծել է եղբոր՝ Գագիկ Բաբայանի հետ, երաժշտության հեղինակը Դավիթ Բերբերյանն է։ Գլխավոր հերոսը հենց Կաֆկան է՝ մութ անդունդում, խելագար դատարանի առջև, իսկ պատիժը` հավերժական անքնություն... Արթնանալուց հետո Ֆրանցը հոգոց է հանում՝ թեթևացած. ընդամենը երազ էր․․․ թե՞ իրականություն ու աբսուրդային մենություն․․․
Դավիթ Բաբայան (ռեժիսոր). «Մարդ ինչ էլ անի, ինչով զբաղվի, ուշ թե շուտ մնում է այս տիեզերքի դիմաց մենակ: Եվ այդ մենակությունը չի կարողանում ոչնչով լուծել: Յուրաքանչյուր մարդ երբ քնում է ու շուռ է գալիս դեպի պատը, իր մոտ ծագում է այդ տիեզերական հարցը՝ ո՞վ է ինքը»։
Ֆիլմն ընդգրկվել է լատվիական «T-SHORT» և Տոսկանայում անցկացվելիք CYBORG FILM FESTIVAL անիմացիոն փառատոնների մրցութային ծրագրում, Վո-ան-Վլեն քաղաքի Ֆրանկոֆոն կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին արժանացել է Պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին։ Այն ներառվել է հունիսի 14-ին կայանալիք «Անսի» ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի պաշտոնական մրցույթում: Նախատեսվում է նաև ցուցադրությունը Հայաստանում։
Դավիթ Բաբայան (ռեժիսոր). «Ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, «Անսի» փառատոնն է, որին կոչում են անիմացիոն Կանն: Յորաքանչյուր անիմատոր ձգտում է, որ իր ֆիլմը ներկայացվի «Անսի»-ում: Եվ ինչքան ես գիտեմ, սա առաջին հայկական մուլտն է, որն ընդգրկվել է պաշտոնական ծրագրում»։
Հեղինակները նպատակ ունեն ստեղծել 12 ֆիլմից բաղկացած շարք։ Արդեն ընթացքում է Ավետ Տերտերյանի մասին անիմացիոն ֆիլմը․ հետաքրքիր է՝ ինչ երազներ կարող էր տեսել հայ կոմպոզիտորը։