Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում հուշաղբյուր է բացվել՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանին:
Նախաձեռնությունը նրա ընտանիքինն է: Տեղանքը պատահական չի ընտրվել: Հենց այդ եկեղեցում է Տարոնը վերջին 4 տարում դպրական շապիկ կրել: Սեպտեմբերի 27-ին փորձել է կամավորագրվել՝ զինկոմիսարիատում հրաժարվել են առաջնագիծ տանել: Հաջորդ օրը եկեղեցում օրհնություն է ստացել, թաքուն տեղավորվել Արցախ գնացող ավտոբուսում ու մարտի դաշտ հասել: Մեկ ամիս կռվել է, մասնակցել Վարանդայի, Հադրութի ու Մարտունու պաշտպանության թեժ մարտերին:
Հոկտեմբերի 29-ին զոհվել է անօդաչուի հարվածից:
Աշոտ քահանա Սաֆարյան (Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ) - Պատերազմի սկսելու օրը եկեղեցում էր, պատարագին էր սպասավորում: Լուրը լսելով՝ պատասխանատվություն զգաց, որ ընկերների կողքին պետք է լինի: