ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի և Թորքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Կողմերի կարծիքով՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքն անհրաժեշտ է ակտիվացնել:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԱՅՑԵԼԻ ԲՐՅՈՒՍԵԼ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Բրյուսել ՌԴ-ի հետ կապված մտահոգությունների ֆոնին ՆԱՏՕ-ի շրջանակում նոր հանդիպումների մասնակցելու նպատակով: Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ապրիլի 14-ին Բրյուսելում կհանդիպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՉԵՂԱՐԿԵԼ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային գործարքին՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Դիվանագետը, սակայն, ընդգծել է, որ դա չի նշանակում բոլոր սահմանափակումներից հրաժարում:
ԲԵՅՐՈՒԹԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացումը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար և թույլ կտա ստեղծել լրացուցիչ 50 հազար աշխատատեղ՝ հայտարարել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատարը: Միշել Նաջարի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նավահանգստի ենթակառուցվածքները ոչ միայն դարձնել ավելի ժամանակակից՝ բեռնափոխադրման ծավալների մեծացման նպատակով, այլև այն ընդլայնել դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎԸ
Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 700 հազարից ավելի դեպք. վերջին 3 ամսվա հետ համեմատած՝ սա ռեկորդային ցուցանիշ է՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Վերջին 24 ժամում Քովիդ 19-ից մահացել 12.639 մարդ։ Վարակման նոր դեպքերի 35 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, որին հաջորդում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա տարածաշրջանը, այնուհետև՝ Հարավարևելյան Ասիան։ Հիվանդացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-է, երկրորդ տեղում Բրազիլիան է, հետո՝ Հնդկաստանը: Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան:
ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը մոտենում է գագաթնակետին՝ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը՝ բնակչությանը կոչ անելով խստորեն պահպանել բոլոր կանոնները: Ամիրան Գամկրելիձեն վստահ է` իրավիճակի վատթարացումը պայմանավորված է սահմանված կանոնների և խորհրդատվությունների խախտմամբ: Վերջին 14 օրվա ընթացքում վարակի ինդեքսն աճում է, ակտիվ դեպքերի թիվը՝ նույնպես, այսինքն՝ աստիճանաբար ծանրաբեռնվում է նաև առողջապահական համակարգը: