Էջմիածնի Անդրանիկ թաղամասի բնակիչներն առավոտյան անակնկալի են եկել իրենց այգիները, տների նկուղներն ու արհեստանոցները ջրի մեջ տեսնելով: 10 օրից ավելի է՝ խոնավություն, տեղ-տեղ արտահոսած ջուր նկատել են, բայց որ ջուրը մոտ 50 սմ կբարձրանար՝ չէին պատկերացրել: Ջրի մեջ են հայտնվել պտղատու այգիները՝ հակացուցված երևույթ ծաղկած ծառերի համար:
Գոհար Մկրտչյան (Էջմիածնի բնակիչ) - Ծառերն էլ պիտանի չեն, ծաղկավիժում կլինի:
Ֆելիքս Մկրտչյան (Էջմիածնի բնակիչ) - Պադվալը լրիվ ջուր է:
Թաղամասում գործող մեքենաների տեխսպասարկման ծառայությունները մի քանի օր անգործ կմնան: Ամբողջությամբ ջրի մեջ են պահեստներն ու արհեստանոցները:
Վարդան Բարսեղյան (Էջմիածնի բնակիչ) - Մի քանի օր պետք է, որ ջուրը ցամաքի՝ կարողանանք գործ անել:
Թաղամասի բնակիչներին օգնության եկած փրկարարները տեխնիկապես միջամտելու հնարավորություն չունեին, բայց բահերով ու այլ գործիքներով արեցին՝ ինչ հնարավոր էր:
Վարդան Մալխասյան (Էջմիածնի հիշեջ-փրկարարական ջոկատի պետ) - Կեղտաջուր է, մեր մեքենան կփչանա:
Ջրի հոսքը Անդրանիկ թաղամասի հարևանությամբ գտնվող ոռոգելի դաշտերից է: Գյուղատնտեսները սոխ են աճեցնում, որի սերմը, ցանելուց մինչև սածիլ, առատ ու խորքային ոռոգում է պահանջում: Ու քանի որ սոխ աճեցնողներն այս տարի նախորդի համեմատ շատացել են, ավելացրել են նաև ցանքատարածությունները, բոլորը միաժամանակ են դաշտը ջրում:
Կարապետ Տեր-Խաչատրյան («Էջմիածին» ՋՕԸ տնօրենի տեղակալ) - Երկար են պահում հողի վրա ջուրը, մինչև հասնի սերմին, այդ պատճառով ջուրը դուրս է գալիս Էջմիածնի տարածք:
Նախկինում ոռոգելի ջուրը ստորգետնյա խողովակաշարով հոսել է դեպի ջրանցք՝ որևէ վնաս չտալով դաշտերի հարևանությամբ ապրողներին ու այգեգործներին: Բայց տարիների ընթացքում ջրատարի վրա շենք-շինություններ են կառուցվել, խողովակաշարը լցրել շինարարական աղբով՝ խափանելով ջրահեռացման համակարգի աշխատանքը:
Կարապետ Տեր-Խաչատրյան - Նույնիսկ ծառեր են տնկել այդ կանալի մեջ, մոտ 2 մետր երկարությամբ ջրատարը հնարավոր չէ շահագործել, այդ պատճառով ջուրը լցվում է քաղաք:
Իսկ քաղաքի նեղ առուներն ի վիճակի չեն այդ ծավալի ջրահեռացում կատարել, ինչի հետևանքով հեղեղումներ են առաջանում: Ստացվում է՝ կա՛մ գարնանացան սոխի ջուրը պետք է պակասեցվի, կա՛մ Անդրանիկ թաղամասի բնակիչները համակերպվեն:
Արամ Արթենյան («Էջմիածին» ՋՕԸ տեղամասի պետ) - Աշխատում ենք, որ բանջարաբույծներն իրենց ջուրն անեն, ընտանիքներին էլ վնաս չտանք, բայց քանի որ ջրահեռացում չկա, խնդիր կա:
Խնդիրը կլուծվի, երբ նոր ջրատար կառուցվի: