Մարաղայի կոտորածից 29 տարի է անցել, բայց տեղացիների սրտում վերքը չի սպիանում: Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկները խոնարհվում են դաժանաբար սպանված անմեղ զոհերի համար, նրանց հիշատակին են վառվում մոմերը: Ընտանիքը Մատաղիս տանելուց հետո Կամո Կարապետյանն իսկույն վերադարձել է Մարաղա և տեսել աննկարագրելին:
Կամո Կարախետյան (Մարաղայի կոտորածի ականատես) - Գլխատումը եղել է գյուղամեջում, ես չկարողացա շատ մոտենալ ու տեսնել: Սիրտս չէր դիմանում:
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցիները ոչ միայն գլխատել, այլև վառել ու խոշտանգել են ծերերին, կանանց ու հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ռմբակոծելով հայկական Մարաղան՝ հակառակորդը ներխուժել է գյուղ, իսկ ինքնապաշտպանական ջոկատը ստիպված նահանջել է:
Արամ Ավագյան (Մարաղայի կոտորածի ականատես) - Մարաղան թողել ենք ու բարձրացել Մարգուշեվան և դիրքավորվել, տանկերը մինչև այնտեղ չեն եկել: Տանկերին չեն թողել բարձրանան, իսկ հետևակը չի կարողացել: Մեզ օգնության են եկել նոր ուժեր, նորից հակահարձակման ենք անցել և գյուղը վերցրել:
Հակահարձակումից հետո ջոկատի տղաները գյուղը տեսել են հրկիզված ու թալանված, ապաստարաններում թաքնված մարդիկ խոշտանգվել ու սպանվել են, նաև գերեվարության դեպքեր են եղել: Մարաղայի կոտորածի ժամանակ մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ է սպանվել:
Արամ Ավագյան - Սպանած, տանկը վրայով անցած, ակումբի մեջ լցրած ժողովրդին վառած, երկու խաղաղ բնակչի գլուխը չի եղել: Շորերից ճանաչել ենք այդ մարդկանց, մեր գյուղացիներն են, ինչպե՞ս կարող ես չճանաչել:
Արցախի արտգործնախարարությունը, դատապարտելով Մարաղայի ցեղասպանությունը, շեշտել է՝ ոճրագործները այդ ժամանակ արժանացան Ադրբեջանի պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման: «Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»,- նշված է հայտարարությունում:
Մհեր Հարությունյան (պատմաբան) - Ռազմական գործողությունները ֆիքսել են այն ժամանակ Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած՝ մարդու իրավունքների պաշտպանների միջազգային խմբի կողմից և լուսանկարների և փաստաթղթերի ձևով, և հասցվել են միջազգային ատյաններ:
Միջազգային ատյաններ հասել, բայց քաղաքական ու իրավական գնահատականի չի արժանացել Մարաղայի ցեղասպանությունը,- ասում է պատմաբանը:
Կամո Կարապետյան - Այնքան ծառ եմ տնկել, այնքան գործ եմ արել, հենց պետք է բերքը հավաքեի, նորից թողել ու դուրս եմ եկել:
Մարաղայի տեղահանված բնակիչները 1995-ից ապրել են Նոր Մարաղայում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, գյուղն անցել է Ադրբեջանի հսկողության տակ: