Ճշմարտությունը բարձրաձայնելու, պատմության ողբերգության մասին հիշեցնելու ժամանակն է, որպեսզի այն երբեք այլևս չկրկնվի՝ Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տեսաուղերձով Էրիկ Գարսեթին դիմել է Ջո Բայդենին:
Էրիկ Գարսեթի, Լոս Անջելեսի քաղաքապետ - Մենք սգում ենք 1 ու կես մլն հայերի կոտորածը, որոնք դաժանաբար սպանվել են համակարգված ահաբեկչության ժամանակ: Մենք հայերի կողքին ենք արդարության, խաղաղության ու անվտանգության ձգտելու գործում:
Գարսեթին բոլորին կոչ է արել ստորագրել «Այո՛, դա ցեղասպանություն է» խնդրագիրը՝ այդկերպ կառուցելով ավելի լավ ապագա: Բայդենին ուղղված կոչով տեսաուղերձ է հղել կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա պահանջն էլ նույնն է՝ վերականգնել արդարությունն ու ճանաչել 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը:
Ադամ Շիֆ, ԱՄՆ կոնգրեսական - Ես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խնդրում եմ միանալ ինձ և ստորագրել «Այո՛, դա ցեղասպանություն է» խնդրագիրը: Եկեք լսելի դարձնենք մեր ձայնը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով և Ցեղասպանություն եզրույթն օգտագործելու կոչով ԱՄՆ վարչակազմին է դիմել աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը:
Սերժ Թանկյան, երաժիշտ, System of a Down խմբի մենակատար - Խնդրում եմ միանալ «Այո՛, դա ցեղասպանություն է» արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Կոնգրեսը 2019-ի դեկտեմբերին: Ցանկանում ենք, որ Ջո Բայդենը, ի տարբերություն ԱՄՆ նախկին ղեկավարների, այսուհետև այն անվանի Ցեղասպանություն:
Change.org հարթակում նախաձեռնված «Այո՛, սա ցեղասպանություն է» ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 21.000 մարդ: