ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի միջոցներով, ապրիլի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն հարող տարածքում կազմակերպվել է խորհրդանշական ծառատունկ։
Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ և ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի մասնակցությամբ։
Ծառատունկին մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Առնակ Քահանա Հարությունյանի հնչեցրած Տերունական աղոթքով մեկնարկել է «Վերածննդի ծառատունկը»։
Շուրջ 80 դեկորատիվ տնկիները՝ որպես վերածննդի խորհրդանիշ, հետայսու կզարդարեն եկեղեցուն հարող բարձունքը:
«Լուրեր»-ի խնդրանքով տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձել է հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
«Մի փոքր ակտիվացում եղավ անցած ամիս դպրոցներում, երբ կանոնների պահպանման խնդիր կար: Մյուս խնդրահարույց խումբը ուղևորափոխադրումն էր, որտեղ ուժեղացրել ենք վերահսկողությունը մեր գործընկեր տեսչական մարմինների հետ՝ քաղշինտեսչության հետ ենք իրականացնում հսկողություն ուղևորափոխադրումների ոլորտում, կրթության տեսչության հետ՝ կրթական կազմակերպություններում, իսկ Շուկայի տեսչության հետ առևտրի իրականացման այն վայրերում, որտեղ կանոնների պահպանումը պարտադիր է»,- ասել է Հակոբ Ավագյանը: