Հանրային ռադիոյի մեր գործընկերը 7 ամսում արդեն երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով: Ասում է՝ երկու դեպքերի ախտանշանները այնքան տարբեր էին, որ սկզբում չի էլ կասկածել, թե դա կարող է նորից քովիդ լինել:
Աիդա Ավետիսյան (լրագրող) - Առաջինի դեպքում մարմնի թուլություն, բարձր ջերմում էի, համի-հոտի զգացողության կորուստ: Էն, ինչ որ միշտ հեռուստացույցով լսում էի, ինչը բնորոշ էր կորոնավիրուսի ախտանշաններին: Իսկ երկրորդի դեպքում չեմ ջերմել, մեկ-երկու օր ուղղակի գլխացավ ունեի շատ ուժեղ, մարմինս մեկ-երկու օր ցավել է, և ավելի շատ ալերգիային բնորոշ ախտանշաններ եմ ունեցել, այսինքն՝ գրիպ, հազ, փռշտոց:
Եթե երկու օրերի ջերմությունն էլ չլիներ, ոչ էլ թեստավորվելու էր և ընդամենը երեք օր անց կշարունակեր բնականոն կյանքով ապրել:
Աիդա Ավետիսյան - Առաջինի դեպքում սաստիկ տագնապ եմ ունեցել, ու էնպես էր, որ վիճակս էր դա թելադրում, բայց երկրորդի դեպքում մտածում էի՝ նորից էդ դժոխքի միջով կանցնեմ, բայց ավելի թեթև եմ տարել:
Հայաստանում 500-ից ավելի մարդու մոտ կրկնավարակ է հաստատվել: Չնայած մասնագետները այս դեպքում կրկնավարակ տերմինն այնքան էլ վստահ չեն կիրառում:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Կրկնավարակ տերմինը բնութագրում է այն գործընթացը, երբ անձը երկու անգամ վարակի տարբեր աղբյուրներից վարակվել է:
Աիդան, օրինակ, առաջին անգամ վարակվելուց և ապաքինվելուց հետո թեստավորվել է, ստացել բացասական պատասխան և ամիսներ անց նորից վարակվել, բայց բոլորովին այլ դեպքեր էլ կան:
Ռոմելլա Աբովյան - Կորոնավիրուսի ի հայտ գալու հենց առաջին օրից լինում էին դեպքեր, երբ 60-70 օր մեկ սենյակում բուժում ստացող, այսինքն՝ բոլորից առանձնացած անձի թեստի պատասխանը մի օր լինում էր դրական, հաջորդ օրը՝ բացասական:
Ակնհայտ է, որ այդ դեպքերում սենյակում փակված մարդիկ որևէ մեկից վարակվել չէին կարող: Մասնագետները ամբողջ աշխարհում են փորձում պարզել՝ կորոնավիրուսը սովորական գրիպի նման վիրո՞ւս է, որով կարող են տարին մեկ վարակվել կամ տարին մեկ պատվաստվել ու չվարակվել, թե՞, օրինակ, հեպատիտ Ց-ի նման է, որ մինչև դեղորայքը չհայտնաբերվի, կարող է ամբողջ կյանքում մնալ օրգանիզմում:
Ռոմելլա Աբովյան - Օրինակ՝ ունեցել ենք 171 դեպք, վերջին դրական արդյունքը արձանագրվել է առաջին հայտնաբերումից առնվազն 6 ամիս անց, 22 դեպքում՝ 9 ամիս անց: Անգամ ունենք դեպքեր, երբ 2-րդ ՊՇՌ լաբորատոր հետազոտության դրական արդյունքը գրեթե 339 օր անց է արձանագրվել:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Հայաստանում գրանցված 500 կրկնակի դեպքից 73-ի շրջանում առավել մանրամասն հետազոտություն է սկսել: Արդյունքում պարզվել է՝ նրանցից միայն մեկն է, որ երկու դեպքում էլ հիվանդությունը ծանր է տարել, երկու անգամն էլ՝ թոքաբորբով:
Ռոմելլա Աբովյան - Մեծամասնությամբ կամ առաջին դեպքի ժամանակ չեն ունեցել ախտանշաններ, կամ ընդամենը ջերմություն, մի փոքր մկանացավ կամ համ ու հոտի կորուստ: Երկրորդ նախադեպի ժամանակ ևս ունեցել են եզակի ինչ-որ ախտանշաններ: Ծանր ընթացքներ չեն եղել: Միայն մեկ դեպք է եղել, երբ առաջին և երկրորդ հիվանդության կլինիկական ընթացքը ուղեկցվել է թոքաբորբով:
Հետազոտությունները դեռ շարունակվում են, և նույնիսկ կրկնակի դրական թեստով դեպքերն արձանագրելուց հետո մասնագետները հստակ պատասխան չունեն հարցին՝ «մեկ անգամ վարակվելուց հետո նորից կվարակվե՞նք»: Վիրուսը նոր է և լի անակնկալներով: