Լոռիում ինժեներական կրթության կենտրոններ են հիմնվում: Վանաձորում ավիամոդելավորում սովորող պատանիների ոգևորությունը վարակիչ է, մարզի այլ քաղաքներում էլ սպասում են նմանատիպ կենտրոնների բացմանը: Ալավերդիում լաբորատորիան կբացվի մոտ ապագայում:
Ալեքսան Հովհաննիսյան, խմբակի սան - Սու 27 մոդելն է, ղեկավարվում է 2 օրգաններով, ռույլ վիսատիով և էլերոններով:
Ինքնաթիռ վարել սովորեցնող Սու 27 մոդելը պատրաստելու համար «Ֆյալ Լաբ» ավիամոդելային խմբակի պատանիներին անհրաժեշտ է եղել 6 ամիս: Ապագա ռազմական օդաչուն այսօր հմտությամբ ղեկավարում է անօդաչուն ու շեշտում՝ այն պատրաստելը բարդ չէ, պարզապես պետք է ամեն դետալի վրա մանրամասն աշխատել ու ճիշտ կառավարել:
Ալեքսան Հովհաննիսյան - Սարքելն այդքան էլ դժվար չէ, որովհետև կտրվում է լազերային հաստոցով և փազլի պես հավաքվում է:
Պատանիներն աշխատում ու սովորում են մեծ ոգևորությամբ ու նաև վարպետությամբ, մոտիվացնում է ցանկալի արդյունք ստանալու հեռանկարը:
Լևոն Գրիգորյան, խմբակի սան - Սա ամենամեծ թևն է, սա էլ հետևի ամենափոքրինը, տակն էլ մի հատ փոքր կմախք ենք անելու, իսկ սա՝ այս 2-ն իրար վրա ենք դնելու ու իրար ենք կպցնելու:
Աերոդինամիկայի օրենքներ, սարքերի ստեղծում, գործարկում ու թռիչքների իրականացում... Ինժեներական-կրթական կենտրոնը սովորեցնում է ավիամոդելավորում և ռադիոկառավարման հմտություններ:
Խաչատուր Թադևոսյան, «Ֆլայ Լաբ» աշխատանոցների հիմնադիր-տնօրեն - Որոշակի փուլում իրենք նաև հրթիռաշինություն են ուսումնասիրում, շատ հետաքրքիր է անցնում: Ամբողջ գիտելիքները, որոնք դպրոցում անցնում են, բայց չեն յուրացնում կամ ինչ-ինչ պատճառներով լավ չի տպավորվում, այստեղ պրակտիկ եղանակով շատ ավելի հաճելի մթնոլորտում ամեն ինչ յուրացնում են:
Խմբակներ ստեղծելու գաղափարն առաջացել է Ապրիլյան պատերազմից հետո, նախ՝ Գյումրիում, ապա նաև Երևանում հաջողված փորձը բերեցին Վանաձոր: Հիմնադիր-տնօրենն ասում է՝ այսօր, առավել քան երբևէ, ոլորտը զարգացնելու անհրաժեշտություն ունենք:
Խաչատուր Թադևոսյան - Սկզբից էլ գիտեինք, որ սրա կարիքը Հայաստանում ուշ թե շուտ պետք է գալու, դրա համար նախաձեռնությունը հենց երեխաներինն էր, ավելի շատ գնացինք կրթության ուղղությամբ:
Ինժեներական կրթությունն առաջիկայում կհասնի նա Ալավերդի, ֆինանսական և մարդկային ռեսուրսները թույլ տան՝ արվեստանոցներ կբացեն նաև այլ համայնքներում՝ առանց տարիքային և սեռային սահմանափակման: