Առաջին անգամ մեր թատերական իրականության մեջ բեմականացվել է Վիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» վիպակը: Սարոյանի այս գործն առավելապես բեմադրվել է Եվրոպայում և Ամերիկայում, ամենահայտնին Փենի Մետրոպուլոսի 2 գործողությամբ մյուզիքլն է:
Ինչո՞վ է Թոմաս Թրեյսին, որն ունի իր վագրը, որն էլ իրականում սև հովհազ է, հետաքրքրել ռեժիսոր Նորայր Հերգնյանին: Նախևառաջ՝ մեր օրերի նյութապաշտությանը հակադրվող սարոյանական սիրո հզոր ուժով՝ փաստում է բեմադրողը:
«Ես քեզ սիրում եմ կամ թե ինչպես գտնել վագրին» վերնագրված ներկայացումը Նորայր Հերգնյանի առաջին անդրադարձը չէ Սարոյանին: Առաջինը «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսի ուսանողական բեմադրությունն էր: Հիմա ռեժիսորը վերադարձել է Սարոյանին ավելի մեծ փորձառությամբ, հետաքրքիր ու նրբաճաշակ լուծումներով և համախոհների իր թիմով:
Թրեյսին, որ անհեթեթ կերպով կորցրեց իր վագրին, կպայքարի նրան վերադարձնելու և Լորայի համար ու երբեք չի հանձնվի: Սարոյանական վիպակն ու փոքր-ինչ խենթավուն Թրեյսիի սիրո պատմությունն ստեղծագործական խումբը վերածել է կյանքի և սիրո ձոնի, նաև յուրօրինակ դիմադրության՝ մեզ շրջապատող սառը պրագմատիզմին: